ԼԼիլիթ Սեդրակյան

Եվրահանձնաժողովի և Լեհաստանի կողմից COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տրամադրումը Արևելյան գործընկերության երկրներին արագացվում է

Եվրահանձնաժողովի և Լեհաստանի կողմից COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տրամադրումը Արևելյան գործընկերության երկրներին արագացվում է

Եվրոպական հանձնաժողովն այսօր 35 մլն եվրոյի համաձայնագիր է ստորագրել BGK լեհական զարգացման բանկի հետ՝ Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացում ԵՄ անդամ պետություններին օժանդակելու նպատակով նորարարական մեխանիզմ ներդնելու վերաբերյալ։

Համաձայնագիրը ստորագրվում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկու միջև Արևելյան գործընկերության ընթացիկ առաջնահերթություններին համահունչ՝ COVID-19-ի դեմ աջակցությունն ավելացնելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը հետամուտ։ Լեհաստանի հետ միասին՝ Եվրոպական հանձնաժողովը մշակել է նորարարական մեխանիզմ, որը թույլ կտա մեծացնել պատվաստանյութերի համահավասար  հասանելիությունը տարածաշրջանի երկրների շրջանում։

«Ես երախտապարտ եմ, որ Լեհաստանն առաջարկեց իր օգնությունը և համաձայնեց համակարգել այս մեխանիզմը, և դա անկասկած կօգնի մեր գործընկեր երկրներին՝ փրկել կյանքեր պատվաստումների շրջանակները ընդլայնելու միջոցով։ Այսպես է դրսևորվում ԵՄ համերաշխությունը գործնականում, և այն կօգնի արագացնել հետհամավարակային վերականգնումն այս տարածաշրջանում և երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առողջապահության բնագավառի ընդհանուր դիմակայունության բարձրացմանը, որը Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության առաջնահերթ նպատակներից է»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին:

Լեհաստանը՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության քաղաքականության համահեղինակ երկիրը, տարիներ շարունակ աջակցել է արևելյան գործընկեր  երկրների հետ համագործակցության սերտացմանը, այդ թվում՝ այդ երկրների պետական կառույցների և սոցիալական ենթակառուցվածքների ամրապնդմանը։

«Լեհաստանի աջակցությամբ և համակարգմամբ Team Europe նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել Արևելյան գործընկերության երկրների համար COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ազատ, արդար և կայուն հասանելիությունը, որպես այս տարածաշրջանի հետ համերաշխության ևս մեկ օրինակ: Լեհաստանը, Եվրոպական հանձնաժողովի հետ խորհրդակցության արդյունքում կստանձնի պատվաստանյութերի բաշխման գործընթացի համակարգողի դերը»,- նշել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն։

Լեհաստանի համակարգող հովանու ներքո ԵՄ անդամ պետությունների կողմից պատվաստանյութերի առաքումը համավարակի դեմ ընդհանուր պայքարում և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման գործում ԱլԳ երկրների նկատմամբ համերաշխության վկայությունն է։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարության դերն է օգնել համապատասխանեցնել ԵՄ անդամ պետություններում առկա պատվաստանյութերի դեղաչափերը Արևելյան գործընկերության երկրների զարգացող կարիքների հետ, վերահսկել ցանկացած անհրաժեշտ պայմանավորվածություն պատվաստանյութ արտադրողների հետ և ապահովել Team Europe նախաձեռնության պատվաստանյութերի համերաշխության վերաբերյալ պատշաճ հաղորդակցություն և տեսանելիություն ինչպես Արևելյան գործընկերության երկրներում, այնպես էլ՝ ԵՄ-ում:

Վերավաճառքի դեպքում Լեհական զարգացման բանկը կօգտագործի ԵՄ ներդրումը դոնոր անդամ երկրներին ոչ առևտրային հիմունքներով պատվաստանյութերի ծախսերը փոխհատուցելու համար: Ծրագիրը կգործի մինչև 2023 թվականի հունիսը կամ մինչև ԵՄ ներդրան սպառումը:

 Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի (NDICI) ներքո այս 35 միլիոն եվրոյի տրամադրումն ի ցույց է դնում  ԵՄ-ի ընդլայնված գործողությունը, որպես պատվաստանյութերի փոխանակման Team Europe-ի ջանքերի մաս՝ համատեղ լուծումներ գտնելու համավարակին՝ ի աջակցություն մեր գործընկերների: ԱՀԿ-ի տվյալների համաձայն 2021 թվականի դեկտեմբերի սկզբին այս վեց երկրներում COVID-19 պատվաստանյութի դեղաչափերի ամբողջական ընդունման միջինացված թիվը ընդամենը 28.7% է, իսկ բուժաշխատողների շրջանում այն կազմում է 70,3%։ Այս մեխանիզմը կօգնի գործընկեր երկրներին պատվաստումների ծածկույթը հասցնել ԱՀԿ-ի կողմից սահմանված պատվաստումների համաշխարհային ռազմավարության թիրախներին՝ յուրաքանչյուր երկրի բնակչության 40%-ը մինչև 2021 թվականի վերջը և 70%-ը մինչև 2022 թվականի կեսը:

Այս մեխանիզմի շրջանակում նախատեսված առաջին առաքումը կիրականացվի առաջիկա շաբաթների ընթացքում Պորտուգալիայից Հայաստան։

Մի շարք այլ անդամ երկրներ արդեն ազդարարել են այս ծրագրին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում