Հայկական գինու փառատոն Մոսկվայի «Հայաստան» տաղավարում

ՄՄերի Եգորյան

Մոսկվայի սրտում՝ հայկական տաղավարում, բարձրակարգ գինու սիրահարները, համտեսելով հայկական գինիները, մտովի տեղափոխվում են դեպի Արագած լեռան ստորոտ, Արարատյան դաշտավայր, Տավուշ ու Վայոց ձոր, որտեղ գտնվում է աշխարհի հնագույն գինեգործարանը։ Հայաստանի գինեգործները և նրանց ներկայացուցիչները ռուսաստանցիներին ներկայացնում են խաղողի տարբեր տեսակներից պատրաստված գինիներ՝ առաջին հերթին հին հայկական ավտոխտոն սորտերից՝ արենի սև, ոսկեհատ, խաթուն խարջի, կախեթի, խնդողնի։

Դենիս Ռուդենկո (Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության անդամ) - Երբ ինձ հարցնում են նախկին ԽՍՀՄ երկրների գինեգործության մասին, ես միշտ ընդգծում եմ, որ լավագույնն այս ոլորտում՝ համաշխարհային բարձրորակ գինեգործության մեջ, Հայաստանն է, որը վերջին 10 տարվա ընթացքում անհավատալի առաջընթաց է արձանագրել: Այս յուրահատուկ երկիրը նոր է բացվում գինու աշխարհի համար․ բարձր լեռնային խաղողի այգիներ, հրաբխային հողեր, խաղողի ավտոխտոն սորտեր, կարասներ: Շատ եմ ցանկանում, որ Ռուսաստանում Հայաստանն ընկալեն որպես բարձրորակ ու յուրահատուկ գինեգործական երկիր:

Փառատոնի շրջանակներում հյուրերը համտեսում և ձեռք են բերում Հայաստանի ավելի քան 10 գինեգործի 30 անուն գինու տեսակներ, մասնակցում հեղինակային վարպետության դասի:
Հայկական լավագույն կոնյակների բազմազանությունը ներկայացված է առանձին սրահում:

Արտյոմ Մուսայելյան (Հայկական տաղավարի տնօրեն) - Միջոցառման նպատակը Ռուսաստանի Դաշնությունում հայկական ապրանքանիշի ճանաչողության բարձրացումն է: Սա փորձառու և սկսնակ արտադրողի համար գնորդի հետ անմիջական շփման հնարավորություն է: Արտադրող ընկերությունների հետ կապը մշտական է, յուրաքանչյուր վաճառված շիշ էլ՝ օգնություն մեր հայրենիքին ու հայրենական արտադրողին»:

Փառատոնի կազմակերպիչներն են «Հայաստան» տաղավարը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Դեսպան Տողանյանը կարևորում է հայկական գինիների՝ որպես երկրի իմիջի, մշակութային և զբոսաշրջային բրենդի մաս ներկայացնելուն ուղղված նախաձեռնությունները:

Վարդան Տողանյան (ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Գյուղատնտեսության ոլորտի արտահանման կարևորագույն մասը ՌԴ ալկոհոլային խմիչքներն են, մասնավորապես՝ գինին և կոնյակը, որոնց կառուցվածքում լուրջ փոփոխություններ են եղել: Գինու քանակը բավականին արագ աճում է, դրա հետ կապված աշխատանքներ ունենք անելու այն մասնագիտական շրջանակներին ներկայացնելու համար:

Ռուսական շուկայում հայկական գինին թանկարժեքների դասին է պատկանում՝ ի տարբերություն վրացականի և եվրոպականի, հետևաբար սպառումն էլ մեծ ծավալների չի հասնում: Արժեքը պայմանավորված է բարձր որակով և ոչ մեխանիզացված արտադրման եղանակով։

Արայիկ Հովհաննիսյան (գինի արտադրող ընկերության տնօրեն) - Գինը մեզ համար խնդիր է, բայց արդեն կան մարդիկ, որ ծանոթացել են արտադրանքի նրբություններին ու հասկանում են, որ բարձր որակի համար դա մի բան էլ դեռ էժան է:

«Հայաստան» տաղավարում հայկական սննդարդյունաբերության տարբեր ճյուղեր պարբերաբար կներկայացվեն ցուցահանդեսների միջոցով՝ խթանելու հայրենական արտադրողին: Այս կերպ հնարավորություն է ստեղծում ոչ միայն ռուսական շուկայում հնաբնակ հայ արտադրողների, այլև սկսնակների համար։ Իսկ այն արտադրողները, որոնք հնարավորություն չունեն ապրանքատեսականին Մոսկվա ուղարկել, կարող են իրենց արտադրանքը ներկայացնել տաղավարի տեսապատի միջոցով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում