ՆՆարե Թադևոսյան

Համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Նորաշեն գյուղի 66-ամյա բնակչի կողմից համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 66-ամյա տղամարդը և համագյուղացին, ոռոգման ջրի հարցի շուրջ ունեցած տարաձայնությունները պարզաբանելու նպատակով, 2021 թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հիշյալ տղամարդու ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Քաղցրաշեն գյուղ:

Նորաշեն-Քաղցրաշեն ավտոճանապարհին նշված հարցի շուրջ նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի  ընթացքում 66-ամյա տղամարդը, կանգնեցնելով մեքենան, համագյուղացուն պարտադրել է դուրս գալ սրահից և նրան կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իր մոտ եղած դանակով հարձակվել և փորձել է անկանոն հարվածներ հասցնել: Վերջինս պաշտպանվել է դանակի հարվածներից, սակայն դրանցից մեկը վնասել է նրա ձեռքը: Այնուհետև 66-ամյա տղամարդն իր մոտ եղած պոլիէթիլենային տարայով բենզինը լցրել է համագյուղացու վրա և հրկիզել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ համագյուղացուն հաջողվել է հագուստը հանել և հանգցնել բռնկված կրակը: Դրանից հետո համագյուղացին հարձակվել է 66-ամյա տղամարդու վրա, դիտավորությամբ ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 66-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ  հոդվածի  1-ին  մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինիս համագյուղացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ  հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում