Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պարզաբանումները

ՄՄայա Խաչատրյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ համացանցում տարածված տեսանյութը, որում ինքը խոսում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիների մասին, մոնտաժված է:

Այնուհետև հրապարակվեց խորհրդարանի նախագահի հետ զրույցի վերաբերյալ ամբողջական տեսանյութը:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ խոսքը եղել է բանակցությունների, տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին: Տեսագրությունում Սիմոնյանը խոսում է նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին ադրբեջանական սադրանքի, հայկական ուժերի հակահարվածի մասին, հիշեցնում նաև՝ 44 օր պայքարել ենք ոչ միայն Ադրբեջանի, այլև երեք պետության դեմ:

Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Ադրբեջանի, Պակիստանի, ՆԱՏՕ-ի դեմ՝ 44 օր: Մեր ցանկությունն ա, մեր հայրենասիրությունն ա, մեր էմոցիաները մեզ վրա շատ ազդեցություն են ունենում, բայց պետք է սթափ գնահատենք՝ էդ գերիների, զինվորների նպատակը ո՞րն ա եղել, պաշտպանել հայրենիքը: Հիմա եթե էդ գերիների պատճառով ես պետք ա Սյունիքը կորցնեմ, ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, բայց համարում եմ, որ էդ գերիները չկան, իմ համար չկան: Իսրայելը, երբ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, էդ տեռորիստի հետ չի բանակցում, խփում ա տեռորիստին: Մենք պիտի հասկանանք՝ մի նժարի վրա ինչ ա դրած, մյուսի վրա ինչ ա դրած: Այո՛, բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց չենք կարող էդ ամբողջ Հայաստանը, Արցախը պատանդ դնել, գերիները ովքե՛ր են՝ իրենք զենքը դրել և փախել են, մոլորվել են:

Հրապարակված տեսանյութի մասին Ալեն Սիմոնյանը պարզաբանումներ է ներկայացրել խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

Ալեն Սիմոնյան - Շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են որպես աջակից և խնդրում են մի քանի հարց տալ, ես իրենց հարցերին եմ պատասխանում, իսկ ընթացքում նկատեցի, որ մի աղջիկ հեռախոսը պահել էր: Ես խնդրեցի չնկարահանել, քանի որ մենք զրույցի էինք բռնվել, որը ես չէի ուզում հրապարակային ասել և դրա կարիքը չեմ տեսնում: Նա ասաց՝ չէ՛, չէ՛, ի՛նչ եք ասում:

«Նման իրավիճակներն օգտագործվում են Հայաստանի շահերը հետ մղելու համար, այն բոլոր մարդիկ, որոնք նման բան են անում, պետք է գիտակցեն՝ կա քրեական պատասխանատվություն»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ բանակցություններում շարունակելու են բարձրացնել հումանիտար հարցերը:

Ըստ Սիմոնյանի՝ իսկ նրանք, ովքեր չեն կատարել իրենց ծառայողական պարտքը, չեն պահել դիրքը, վայր են դրել զենքը և գերության հանձնվել, այդ դեպքերով կհարուցվի քրեական գործ:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց, որ սահման պահող զորքը կրակելու հրաման ունի, չկրակելու հրաման տված հրամանատարը ևս, նրա խոսքով, կենթարկվի քրեական պատասխանատվության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում