Ծաղկահովիտ խոշորացված համայնքի տասը գյուղի ֆոտովոլտային կայանների ծրագիրը մեկնարկել է

ՎՎահե Կոստանդյան

Ծաղկահովիտում արևն այնքան պայծառ է, որ տանիքների ձյունը շուտ է հալվում: Այստեղ տարվա 365 օրից մոտ 290-ը արևային է: Սա բացառիկ նախապայման է արևային ֆոտովոլտային կայանների համար: Ծաղկահովիտի մանկապարտեզը օրվա մեծ մասը արևի շարժի դիմաց է, կարող են խնայել ոչ միայն էլեկտրոնէներգիան, այլև գազը:

Լուսինե Մկրտչյան (Ծաղկահովիտ խոշորացված համայնքի մսուր-մանկապարտեզի տնօրեն) - Ձմեռվա ամիսներին գազի և էլեկտրաէներգիայի ծախսը միասին կազմում է 135 հազար:

Վստահ են՝ ֆոտովոլտային պանելներով կարող են ոչ միայն կիլովատտեր խնայել, այլև կուտակել: Խոշորացված համայնքի տասը գյուղի համար ֆոտովոլտային կայանների ծրագիրն արդեն մեկնարկել է՝ ասում է համայնքի ղեկավարը: Համայնքին պատկանող բոլոր շինությունների տանիքներին շուտով կայաններ կտեղադրեն՝ ասում է համայնքի ղեկավարի տեղակալը: Կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով, սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով՝ համայնքին ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համար հատկացվել է 51 միլիոն 277 հազար դրամ, ֆինանսավորման 5%-ը՝ 2 միլիոն 698 հազար էլ, կներդրվի համայնքի բյուջեից:

Արթուր Կարապետյան (Ծաղկահովիտ խոշորացված համանքի ղեկավարի տեղակալ) - 2021 թվականին շուրջ 11 միլիոն դրամ գումար ենք հատկացրել հոսանքի համար: Մեր հաշվարկով՝ եթե էս դեկտեմբեր ամսին տեղայնացնեն, մենք 11 միլիոն դրամ կխնայենք 2022 թվականին:

Ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն 15 շինության տանիքի՝ չորս մանկապարտեզի, երկու մշակույթի տան, կոմունալ ծառայության ավտոկայանատեղիի, պոմպակայանի և վարչական շենքերի: Արդեն որոշել են խնայած 11 միլիոնով ևս մեկ մշակույթի տան տանիք նորոգել: Ծաղկահովիտը Արագածոտնի մարզի միակ համայնքը չէ, որ արևի հաշվին փորձում է կրճատել համայնքապատկան շենքերի էլեկտրաէներգիայի ծախսը:

Գագիկ Պողոսյան (Արագածոտնի մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ) - Ալագյազ համայնքում կառուցվում է համայնքային կենտրոն՝ 228 միլիոն դրամ արժողությամբ, Ծաղկահովիտ համայնքում իրականացվում են ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ: Արագածավան ու Ապարան համայնքներում ևս իրականացվելու են ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ, որոնք նույնպես տեղադրվելու են համայնքապատկան շենք-շինությունների տանիքներին:

Էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ էականորեն կկրճատվեն համայնքային բյուջեի ծախսերը, խնայված միջոցներն էլ կուղղվեն բնակիչների համար օրակարգային այլ խնդիրների լուծմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում