«Սավառնողին խփում են». Վանո Սիրադեղյանին այսօր վերջին հրաժեշտը տվեցին

ԱԱրսեն Մկրտչյան

Վանո Սիրադեղյանը նորանկախ Հայաստանի ամենավառ կերպարներից էր, որը «մանրամասն սիրում էր հայրենիքը», բայց 22 տարի հայրենիքից հեռու ապրեց: Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիրներից Վանո Սիրադեղյանն առաջին անգամ բանտարկվեց խորհրդային իշխանության ձեռքով՝ ազատագրական շարժման անդամ լինելու համար, երկրորդ անգամ՝ անկախ Հայաստանում, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք: 1999 թվականի մայիսին Սիրադեղյանը կալանավորվեց, մի քանի օրից խափանման միջոցը փոխվեց: Հետո, ըստ վկայությունների, իշխանության ճնշման ներքո, նրան կրկին կալանավորելու որոշում կայացվեց: 2000 թվականի ապրիլից Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրն անհայտ է:

Վանո Սիրադեղյան - Բախտավորություն է սավառնելու զգացողություն ճանաչելը, բայց սավառնողին, ախր, խփում են: Եվ ճիշտ են անում: Համենայնդեպս, ներքևիններին ես հասկանում եմ: Եթե ցածում ես, այդ տեսիլքից կամ լեզուդ պիտի կապ ընկնի, կամ լեղիդ պայթի, կամ պիտի խփես:

Տարագրի կյանքով ապրած Սիրադեղյանի մասին տարբեր ասեկոսեներ հյուսվեցին, մեղադրանքը չհանվեց անգամ Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո, տարբեր ժամանակներ քննարկվեց գործը վերաբացելու ու նրան հայրենիք վերադարձնելու հարցը:

Գրող-հրապարակախոս Վանո Սիրադեղյանը ծնվել է Տավուշի մարզի Կոթի գյուղում: Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, անդամակցել նորաստեղծ «Հայոց համազգային շարժմանը»: Արդեն 90-ականներից սկսեց նրա քաղաքական պաշտոնների շարքը՝ անտառտնտեսության վարչության պետից մինչև նախարար: Վանոն 1991-1992 թվականներին աշխատել է որպես հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական: Այնուհետև հինգ տարի եղել է Հայաստանի ներքին գործերի նախարար, իսկ 1997-98 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, հետո՝ ԱԺ պատգամավոր:

«Եթե մեկնումեկը պատերազմի դաշտից շատ հեռու, տաք մի տեղ խոսում է զենք վերցնելու մասին, հասարակության մեջ պետք է գտնվի սրամիտ մեկը, որ սրան «փը´շտ» անի, որպեսզի կողքինները պահը վայելեն»՝ Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» ստեղծագործությունից է:

Գրական գործունեության մեջ Սիրադեղյանի միտքը սահմաններ չի ճանաչել: Նույնիսկ բոլորից թաքնվելու տարիներին Վանոն չդադարեց գրել ու «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան կեղծանունով հրապարակեց քաղաքական ու հրապարակախոսական հոդվածներ: Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրը պարզ չդարձավ նույնիսկ մահից հետո: Այսօր հայրենի Կոթի գյուղում նրա հուղարկավորությունն է: Վանո Սիրադեղյանը 75 տարեկան էր:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում