Չեզոքացուցիչների առկայությունը մեքենաների տեխզննության ժամանակ պարտադիր է լինելու

ՄՄերի Եգորյան

Մեքենաներից չեզոքացուցիչների՝ կատալիզատորների ապամոնտաժումը կասեցնելու համար վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն: Նախագիծը մշակել է շրջակա միջավայրի նախարարությունը: Ընդունման դեպքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ պարտադիր կդառնա նաև կատալիզատորի առկայությունը:

Լուսինե Ավետիսյան (ՀՀ ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչություն պետ) - Եթե չեղավ կամ անսարք եղավ, տրանսպորտային միջոցի շահագործումը արգելվելու է:

Նման պահանջը նաև ԵԱՏՄ կանոնակարգով է սահմանված: Այն վերաբերելու է միայն 2020 թ․-ից հետո ներմուծված տրանսպորտային միջոցներին։

Լուսինե Ավետիսյան - Հիմնականում նույնիսկ նոր մեքենաներն են հանում:

Ոսկի, պլատին, պալադիում, ռոդիում՝ չեզոքացուցիչների մեջ առկա են թանկարժեք մետաղներ: Կատալիզատորների ընդունման մասնագիտացված կենտրոնի սեփականատեր Լևոն Չոբանյանն ասում է, որ Հայաստան ներմուծված մեքենաների մի մասն առանց չեզոքացուցիչների է ներկրվում երկիր: Դրանք մեքենաներից հեռացնում են վրացի բեռնափոխադրողները՝ մինչև Հայաստանի սահմանը հատելը: Չոբանյանի կարծիքով՝ օրենքի կիրառումը վարորդների համար խնդիրներ կառաջացնի:

Լևոն Չոբանյան (ավտոտեխսպասարկման կենտրոնի սեփականատեր) - 80-100 հազար կմ աշխատելուց հետո կատալիզատորը իր ֆունկցիան չի կատարում, և առաջացած խնդիրները կստիպի վարորդներին չենթարկվել օրենքին:

Նախագծի հեղինակները, սակայն, առաջնային են համարում էկոլոգիական խնդիրները: Նախագծի ընդունման արդյունքում էականորեն կնվազեն վնասակար նյութերի արտանետումների ծավալը, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։

Ի դեպ, Կառավարության որոշմամբ՝ 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվել նաև կատալիզատորների թափոնների արտահանման նկատմամբ:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում