Երևանում կառուցվող երկու բնակելի շենքում մտահոգիչ խախտումներ են արձանագրվել

ՀՀովհաննես Վարդանյան

Մայրաքաղաքում երկու բազմաբնակարան շենքի շինարարություն իրականացվել է կոպիտ խախտումներով: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը փաստը արձանագրել, վարչական վարույթ է հարուցել, կապալառու ընկերությանը պարտավորեցրել՝ վերացնել խախտումները:

Արտաշես Սարգսյան (ՔՏՀԱՏՄ քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ) - Ընթացիկ ստուգման ժամանակ հայտնաբերվեց, որ կառուցվել է երկու ավելորդ հարկ, այսինքն, համաձայնեցված նախագծից դուրս կառուցվել է 17-րդ և 18-րդ հարկ: Համաձայնեցված նախագծով եղել է 16 հարկ հաստատված՝ երկու ստորգետնյա և 16 վերգետնյա հարկերով:

Խոսքը Պարոնյան 40, Դվին հյուրանոցի հարևանությամբ կառուցվող շենքի մասին է: Կառուցապատողը «Դվին հյուրանոցային համալիր» ընկերությունն է, որին տեսչական մարմինը տուգանել է 300.000 դրամով, նաև միջնորդություն ներկայացրել քաղաքաշինության կոմիտե՝ ընկերության լիցենզիան կասեցնելու պահանջով:

Արտաշես Սարգսյան - Ավելորդ հարկն արդեն կարող է շենքի սեյսմակայունության վրա ազդել, դրա համար տվյալ դեպքում, որ արդեն իսկ կառուցվել է քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով ամբողջ շինությունը համարվում է ինքնակամ և կամ պետք է քանդվի այդ հարկերը, կամ ինքնակամերի շրջանակում լուծվի էդ հարցը, այսինքն՝ օրինականացման:

Թեև նման դեպքերում օրինականացման հավանականությունը շատ փոքր է, Արտաշես Սարգսյանը բացատրում է նաև այդ ընթացակարգը: Նախագծից շեղումները կարող են օրինականացվել, եթե անցկացվի նոր փորձաքննություն, ու տեխնիկական եզրակացությամբ հաստատվի, որ շինարարարկան շեղումները չեն ազդի կառույցի անվտանգության վրա: Տեսչական մարմինը երկրորդ բացթողումը արձանագրել է Լեռ Կամսարի 30/4 հասցեի շինհրապարակում:

Վարազդատ Կարապետյան (Արտադրական բազայի փոխտնօրեն) - Խախտումները կապված են եղել հեծանների, այսինքն կրող և կապող հեծանների հետ, ամրավորման հետ են խնդիրներ եղել, որոնք վերաբերվում են այ էս ամրավորման քայլերին , այսինքն՝ նախագծով նախատեսված էր 10 սմ, բայց տեղում փաստացի եղել է 20 սմ, որը որ արագ շտկվել ա, մեկ հեծան ա հայտնաբերվել:

Մասնագետները արձանագրել են, որ նաև օգտագործված ամրաններ են կիրառվել: «Եղվարդ արտադրական բազա» ընկերությունը, տեխնիկական հսկողություն իրականացնող պատասխանատուն նույնպես տուգանվել են:

Արտաշես Սարգսյան - Ոչ կոնստրուկտիվ խախտումներ միշտ էլ լինում ա, բայց կոնկրետ կոնստրուկտիվ խախտումներ էս երկու դեպքում ա հայտնաբերվել, որը շարունակելն անթույլատրելի էր: Կարող էր նաև փլուզում տեղի ունենալ և ընդհանուր կոնստրուկտիվ համակարգի վրա շատ վատ ազդեցություն կունենար:

Այս դեպքում նույնպես, կառուցապատողի արտոնագիրը կասեցնելու միջնորդություն է ներկայացվել: Մասնագիտական տեսանկյունից, Վարազդատ Կարապետյանն ասում է՝ այդ բացթողումները չէին կարող ազդել շինարարության որակի վրա: Իրենք ընդունում են տեսչականի դիտարկումները, բայց նաև նշում.

Վարազդատ Կարապետյան -Կարծում եմ պետք է դիտարկել իրավական հարթակում, որպես շինարարական տեխնիկական հատվածի առումով մենք բոլոր խախտումներն արդեն իսկ շտկել ենք մի քանի օրվա ընթացքում, որոնք ըստ էության չեն կարող հանգեցնել նման պրոցեսի, որպեսզի մեզ լիցենզիայից կասեցնեն կամ զրկեն:

Տեսչական մարմինը կառուցապատման ոլորոտում բացի այս երկու խախտումներից տարվա ընթացքում ևս մեկն է արձանագրել՝ Դիլիջանում:

Այդ շինությանը դրական եզրակացություն տված փորձագետը արտոնագրից զրկվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում