Կառավարությունը 36 համայնքի սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար տրամադրեց ավելի քան 885 մլն դրամ

ԳԳևորգ Թոսունյան

Կառավարությունը 36 համայնքի 40 սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար տրամադրեց ավելի քան 885 մլն դրամ:

Ինչպես Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախագծով առաջարկվել է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020-2021 թվականներին հավանության արժանացած և իրականացված կամ իրականացման փուլում գտնվող 36 համայնքի 40 ծրագրի համար պահուստային ֆոնդից հատկացնել 885 մլն 178 հազար դրամ:

«40 ծրագրով նախատեսված աշխատանքները համայնքները իրենց մասով ֆինանսավորել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել: Ընդհանուր գումարը 1 մլրդ 872 մլն է, որից 885 միլիոնն է պետության մասնաբաժինը»,- նշեց նախարարը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի որակին, հետաքրքրվեց, թե պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը որքանով են որակյալ:

«Առնվազն երեք մարմին՝ մեր նախարարությունը, համապատասխան մարզպետարանները, տեսչական մարմնի գործընկերները, համատեղ, որոշ դեպքերում նաև՝ առանձին-առանձին, ստուգում են, և միայն երբ համոզվում ենք, որ որակը նորմալ է, նրանք վճարվում են»,- ասաց նախարարը:

Գնել Սանոսյանը նշեց, որ նախարարությունն ունի համապատասխան աշխատակիցներ, որոնք մարզային և տեսչական գործընկերների հետ այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ:

«Ցավոք սրտի, պետք է ասել՝ բավական դեպքեր կան, որ հայտնաբերվում են նախագծային թերություններ: Ունենք դեպքեր, որոնք շտկելի են, և շինարարներին տրվում է ժամկետ, որ շտկեն: Եթե այն նորմերը որոնք նախանշված են, չբավարարեն, ապա այդ դեպքում շինարարները չեն վճարվի: Ցավոք սրտի, մեր երկրում կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ: Մենք այդպիսի դեպքեր փորձում ենք թույլ չտալ և բավական խիստ կվարվենք. ունենք գործեր, որոնք տեսչական մարմինը վարույթ է ընդունել»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում