Գառնի-Լանջազատ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է

ՌՌոզա Խաչատրյան

Նախկինում՝ փոսերով, անգամ ամենագնացների համար դժվարանցանելի այս ճանապարհն այսօր արդեն պատված է հարթ ու ողորկ ասֆալտով: Սա Արարատի ու Կոտայքի մարզերը իրար միացնող Գառնի-Լանջազատ ճանապարհն է: 18 կմ երկարության ճանապարհն այսօր արդեն պատրաստ է: 

Գառնու տաճար, Գեղարդավանք, Ազատի ջրամբար, Դվինի հնավայր ու Խոր Վիրապ: Սրանք Կոտայքի ու Արարատի այն զբոսաշրջային վայրերն են, որտեղ հասնելն այս ճանապարհով ավելի հեշտ կլինի: Այն հիմնանորոգվել է զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու համար:

Ռուբեն Թերզյան (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի փորձաքննության խմբի ղեկավար) - Ողջաբերդի հատվածը գտնվում է սողանքային գոտում, այնտեղ միշտ տեղի է ունենում սողանք, և ամեն տարի այն վերանորոգում է պահանջում, այդ հանգամանքը նույնպես հաշվի առնելով այս ճանապարհը որոշվեց իրականացնել:

Արարատի մարզից Գառնի գնացողները նախկինում Հյուսիս-հարավ մայրուղով մտնում էին մայրաքաղաք, հետո՝ Կոտայքի մարզ և Ողջաբերդի ճանապարհով հասնում Գառնի՝ հավելյալ ծանրաբեռնելով և՛ մայրուղու, և՛ մայրաքաղաքի երթևեկությունը: Գառնի-Լանջազատով երթևեկելիս մարզի բնակիչները շուրջ 30 րոպե կխնայեն: Իսկ ավելի հարավային մարզերի բնակիչները՝

Ռուբեն Թերզյան - Երևի առնվազն 1 ժամ, այն ժամանակը, որ իրենք ծախսում են Երևանը շրջանցելու համար:

Խորհրդային տարիներից ի վեր այն երբեք չէր նորոգվել, ասֆալտի մեծ մասը քայքայվել էր, եղածն էլ՝ գրունտի էր համազոր: Ճանապարհը դարձել էր անանցանելի ու անգամ վտանգավոր: 

Ճանապարհի որոշ հատվածներ արդեն ամբողջովին կահավորել ու գծանշել են: Որ այն երկար ծառայի՝ կողնակներ ու ջրահեռացման առվակներ կտեղադրվեն:

Ավտոճանապարհի վերակառուցումն իրականացրել է Տարածքային զարգացման հիմնադրամը՝ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և Հայաստանի Կառավարության համաֆինանսավորմամբ:

Ռուբեն Թերզյան - Ճանապարհի հիմնանորոգման համար նախատեսվում է 2 մլրդ 36 մլն դրամ, որից շինարարական մասը կազմում է 1 մլրդ 997 մլն, իսկ մնացած մասը՝ նախագծում, հսկողություն և այլ ծառայություններ:

Ճանապարհի մասին շատերն են մոռացել, դրա համար էլ երթևեկն այստեղ դեռ ակտիվ չէ, վստահ են՝ հենց մարդիկ իմանան՝ այն կդառնա Հայաստանի ամենաբանուկ ճանապարհներից մեկը:

Հիմնադրամում հույս ունեն, որ ճանապարհի հիմնանորոգումը ոչ միայն տուրիստական կյանքի աշխուժացմանը, այլև հարակից համայնքների տնտեսական զարգացմանը կնպաստի, քանի որ այստեղ են Հայաստանի ամենաշատ այցելվող զբոսաշրջային կետերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում