ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐ
Թուրքիայի մի քանի նահանգներ տուժել են սաստիկ քամիների հետևանքով: Ստամբուլում փոթորիկի հետևանքով 6 մարդ է մահացել: Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ուժգին քամուց պոկված տանիքները վնասվածքներ են հասցրել ևս 40 մարդու:
Թուրքիայի առափնյա պահպանության վարչությունը դադարեցրել է Բոսֆորի նեղուցով նավերի երթևեկությունը, իսկ Turkish Airlines ավիաընկերության մի քանի ինքնաթիռներ փոթորկի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկվել են Անկարա և Իզմիր:
Փոթորիկներն ավերածությունների պատճառ են դարձել նաև Բուրսայում, Իզմիրում և այլ քաղաքներում: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ վատ եղանակը և փոթորիկները կշարունակվեն առաջիկա օրերի ընթացքում:
ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսել են Իրանի միջուկային ծրագրի վերականգնման հարցով բանակցությունները: Նպատակն է վերականգնել 2015 թվականի միջուկային համաձայնությունը, որի իրականացումը դադարեցվել էր, Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով:
Վիեննայում վերսկսված բանակցությունների այս փուլին Միացյալ Նահանգներն անմիջական մասնակցություն չունի, սակայն ակտիվորեն ներգրավված է դիվանագիտական խողովակներով:
Նիստի մասնակիցներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել հանդիպումը:
«Ակնհայտ է, որ կա խնդրով զբաղվելու կամք, բոլոր պատվիրակությունները ցանկանում են հասկանալ Իրանի տեսակետը։ Իրանն էլ է ցանկանում ներգրավվել բանակցություններում և վերականգնել միջուկային համաձայնությունը», - ասել է Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորան:
Վիեննայի հանդիպմանը դրական գնահատական է տվել նաև Իրանի պատվիրակը:
« «4+1» խմբի երկրներն ընդունել են Իրանի պահանջը և համաձայնել, որ պետք է ուշադրություն դարձնել ԱՄՆ ապօրինի պատժամիջոցների հարցին: Եվ միայն դրանից հետո է հնարավոր քննարկել մնացած հարցերը», - ասել է Իրանի բանագնաց Ալի Բաղերին:
ԱՄՆ իշխանությունները, այնուհանդերձ, կարծում են, որ Թեհրանը դեռ պատրաստ չէ լուրջ բանակցությունների։ Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ կթուլացնի պատժամիջոցները, եթե Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը: Պաշտոնական Թեհրանն էլ, իր հերթին, պնդում է, որ պատրաստ է դա անել, Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների չեղարկման դեպքում:
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԻԵՎԻ ՄԻՋԵՎ
Թուրքիան հանդես է գալիս հանուն խաղաղության և պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի ու Կիևի միջև: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք այդ հարցերը բազմիցս քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի և հատկապես պարոն Պուտինի հետ։ Մենք պատրաստ ենք միջնորդության՝ բանակցություններ վարելով ինչպես Ուկրաինայի, այնպես էլ պարոն Պուտինի հետ»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Թուրքիան առաջարկել է Դոնբասի խնդրի կարգավորման հարցով գագաթնաժողով հրավիրել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, նշել է. «Ռուսաստանը Դոնբասի հակամարտության կողմ չէ, և նման գագաթնաժողովում խնդրի լուծման ուղիներ գտնելն անհնար կլինի։ Հակամարտության կողմերից մեկը Կիևն է, մյուսը՝ ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները»:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՆՈՐ ՇՏԱՄԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը: Այն հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից ճանապարհորդի մոտ: Շոտլանդիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր "օմիկրոն" շտամով վարակման 6 դեպք: Բոլոր դեպքերը գրանցվել են Գլազգոյի շրջակա բնակավայրերում։ Մեծ Բրիտանիայում ընդհանուր առմամբ հայտնի է օմիկրոն շտամով վարակման 9 դեպք: Նոր շտամի տարածման ֆոնին Միացյալ Թագավորության իշխանությունները հայտարարել են, որ նոյեմբերի 30-ից երկիր մուտք գործող անձինք պետք է անցնեն ՊՇՌ հետազոտություն։ Հասարակական տրանսպորտում և խանութներում դիմակների կրումը պարտադիր է դառնում:
Չեխիայում երկուշաբթի պաշտոնապես հաստատվել է օմիկրոնով վարակման առաջին դեպքը։ Վարակակիրը Լիբերեց քաղաքի բնակիչ է, ավելի վաղ նա այցելել էր Նամիբիա։ Ինչպես հայտնում են բժիշկները, նա պատվաստված է եղել և հիվանդությունը թեթև է տանում։ Նոր շտամով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է նաև Եգիպտոսում՝ Հարավային Աֆրիկայից ժամանած ուղևորի մոտ։
ԱՀԿ փոխանցմամբ՝ նոր շտամը տարածվում է ավելի արագ: Այն ունի մի քանի մուտացիա, որոնք կարող են ազդել, օրինակ, վարակի տարածման կամ դրա հարուցած հիվանդության ծանրության վրա: Նոր շտամը դեռևս գտնվում է ուսումնասիրությունների փուլում:













