Աճուրդի է հանվել Պեկինի Արգելված քաղաքի Կայսերական գորգը. «Այլ լուրեր»

ՄՄարո Թարվերդյան

ՖՐԱՆՍԻԱ/ՉԻՆԱՍՏԱՆ

ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ ՊԵԿԻՆԻ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԱՂԱՔԻ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԳՈՐԳԸ

Պեկինի Արգելված քաղաքի Կայսերական պալատի հազվագյուտ գորգը, որը 34 տարվա ընթացքում թաքնված է եղել հանրությունից, աճուրդի է հանվել Փարիզի «Քրիստիում»:

Մին դինաստիայի օրոք` 16-րդ դարում, գործված քառակուսի գորգը զարդարված է հինգճանկանի երկու վիշապներով և նախատեսված է եղել կայսեր գահավորակի տակ փռելու համար:

Անգին գորգն ի սկզբանե գնահատվել է 3.5-4.5 միլիոն եվրո, մինչդեռ վաճառվել է 6 միլիոն 880 հազար եվրոյով: Սա մեկն է յոթ գորգերից, որոնք մասնավոր հավաքածուներում են, նախատեսված են եղել հատուկ գահավորակների տակ գցելու համար և զարդարված են վիշապների պատկերներով: Եվս ինը նման գորգեր պահվում  են Պեկինի պալատի թանգարանում:

«Քրիստի» աճուրդի տնից հայտնել են, որ գորգն առաջին անգամ գնել են 1920 թվականին, սեփականատերերը եղել են ԱՄՆ Այովա նահանգում ապրող ամուսիններ, որոնք այդ տարիներին որոշել են իրենց մեղրամիսն անցկացնել Չինաստանում: 1987 թվականին նրանք գորգը վաճառել են Շվեյցարիայում ապրող մի մասնավոր հավաքորդի, որն էլ այժմ վաճառում է գորգը:

Լուիզ Բրոդհարսթ («Քրիստի» աճուրդի տան աշխատակից) - Սա իսկական գլուխգործոց է: Գոյություն ունեն շատ հավաքորդներ, հաստատություններ, անհատներ, որոնք փնտրում են իսկական արվեստի գործեր՝ ոչ հասարակ ծագմամբ, պատմական մեծ կարևորությամբ և հիասքանչ տեսքով: Այս գորգն այդ ամենն ունի: Սա իսկապես արվեստի հազվագյուտ գործ է: Եվ այժմ այն ձեռք բերելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել:

Չինական կայսերական ծաղկման շրջանի գանձերի մեծ մասը պահվում է Թայվանի Ազգային պալատի թանգարանում: Տարվել են այնտեղ, երբ Չինաստանի քաղաքացիական պատերազմի ավարտին պարտված ազգայնական ուժերը 1949 թվականին փախել են կղզի:

ՖՐԱՆՍԻԱ

ՎԱՌՎԵԼ ԵՆ ՇԱՆԶ ԷԼԻԶԵԻ ՏՈՆԱԿԱՆ ԼՈՒՅՍԵՐԸ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հայտնի Շանզ Էլիզե պողոտայի Սուրբծննդյան տոնական կարմիր լույսերը վառվել են քաղաքապետ Անն Իդալգոյի և ֆրանսիացի հայտնի երգչուհի Կլարա Լուչիանիի ներկայությամբ:

Հարյուրավոր մարդիկ են ներկա եղել հանդիսավոր արարողությանը: Մինչդեռ անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով լույսերի վառմանը մասնակցել է ընդամենը մի քանի պաշտոնյա: Այն ժամանակ արարողությունն ուղիղ եթերով հեռարձակվել է համացանցով:

Ֆրանսիացիները Շանզ Էլիզեն կամ Ելիսեյան դաշտերը համարում են աշխարհի ամենագեղեցիկ պողոտան: Այն մոտ 2 կիլոմետր երկարություն ունի: Պողոտայում բազմաթիվ խանութներ ու ռեստորաններ կան: Դե իսկ Շանզ Էլիզեի գլխին հանդիսավոր կանգնած է Հաղթական կամարը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենահայտնի հուշակոթողներից մեկը:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

ԿԻՄՉԻՆ ՆԱԵՎ ԽՄՈՒՄ ԵՆ

Հարավային Կորեան վերջերս շուկայում ներկայացրել է առողջապահական սննդային նոր բաղադրիչ՝ սպիտակ կիմչիի հյութ: Սա իրականում թթու դրած կաղամբի և այլ բանջարեղենի հյութն է, որը հատուկ տարաներով վաճառքի են հանում:

Մտահղացման հեղինակը Պարկ Յուն-Կյունն է: Նա գործի բերումով հաճախ էր արտասահմանում լինում և կարոտում էր հարավկորեական ազգային կերակրատեսակը՝ կիմչին: Ահա թե ինչու որոշեց՝ վատ չի լինի հյութ պատրաստել, որը հեշտ կլինի մի երկրից մյուսը տեղափոխել:

Պարկ Յուն-Կյուն (սպիտակ կիմչի հյութի հեղինակը) – Երբեմն իսկապես տենչում էի սառը կիմչի վայելել, սակայն ինձ չէր հաջողվում: Կիմչիի հոտը նույնպես խնդիր էր, հետս տանել չէի կարող: Ահա թե ինչու որոշեցի նման հարմարավետ տարբերակով կիմչիի հյութ հանել վաճառքի:

Իրականում կիմչիին նաև կարմիր կծու պղպեղ և աղ դրած ձուկ են ավելացնում, սա ավելի տարածված բաղադրատոմս է: Սակայն Պարկը որոշել է հավատարիմ մնալ կիմչիի՝ ավելի հին տարբերակին և նախապատվությունը տվել է միայն բանջարեղենով ու աղով պատրաստած ավանդական սպիտակ կիմչիին:

Բոլոր նրանք, ովքեր սրճարաններում փորձել են կիմչիի հյութը, վստահեցրել են, որ սկզբում մի փոքր տարօրինակ է թվացել իրենց, որ կիմչին կարելի է նաև խմել, սակայն, ի վերջո, այն շատ են հավանել, քանի որ համը, բոլոր դեպքերում, անչափ հարազատ է:

ՀՈՐԴԱՆԱՆ

ՀՈՐԴԱՆԱՆՑԻ ՆԿԱՐԻՉԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՎԱԶՈՎ ՈՒ ՍՏՎԵՐՈՎ

Հորդանանցի նկարիչ Մուհամեդ Սամարան օգտագործում է ավազ և ստվերներ՝ իր հեղինակային նկարները ստեղծելու համար: Պարզ կտավ օգտագործելու փոխարեն նա ավազի և սոսնձի մածուկ է քսում փայտե շրջանակի վրա, որը հետո թողնում է չորանալու:

Սամարան շատ է սիրում մարդկանց ստվերները նկարել ավազի շերտի վրա: Նրա համոզմամբ՝ ստվերն արտացոլում է մարդու յուրահատուկ բնավորությունը:

Մուհամմեդ Սամարա (նկարիչ) - Ես նախընտրում եմ օգտագործել ստվերները: Իհարկե հարգում եմ մարդկանց, սակայն նախապատվությունը տալիս եմ նրանց ստվերներին, քանի որ, կարծում եմ, դրանք ավելի խոր իմաստ ունեն: Անկախ քեզանից, երբ մարդու ստվեր ես տեսնում, սկսում ես պատկերացնել, թե ինչպիսին է նա: Ստվերը մարդու յուրահատուկ բնավորության արտացոլումն է:

67-ամյա նկարիչն այս ոճով ստեղծագործել սկսել է անցած դարի 70-ական թվականներից: Աշխատանքները հիմնականում ցուցադրում է իր տանը: Բացի այդ, գործը սովորեցնում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են իր ստեղծագործելու այդ տեխնիկայով:

ՇՎԵԴԻԱ

ԿՈՃԱՊՂՊԵՂՈՎ ԽՄՈՐԵՂԵՆԻ ՄՐՑՈՒՅԹ

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվել է կոճապղպեղով Սուրբծննդյան խմորեղենի տոնական մրցույթ: Բեռլինի պատը, «Ընկերները» հեռուստասերիալից հայտնի «Կենտրոնական Պերկ» սրճարանն ու Նոյյան տապանը եղել են ամենահետաքրքիր աշխատանքների շարքում: Այս տարի մրցույթի թեման եղել է «միասնականությունը»:

Սա արդեն 31-րդ տարին է, ինչ Շվեդիայի ճարտարապետության և դիզայնի «ԱրկԴես» ազգային կենտրոնում անցկացվում է այս մրցույթը: Ներկայացվել է 130 անուշահամ և անուշաբույր աշխատանք:

Սառա Սանդել («ԱրկԴես» կենտրոնի աշխատակից) - Կարծում եմ, որ այս տարվա մեր մրցույթի թեման տարբեր մասնակիցներ տարբեր կերպ են մեկնաբանել և ներկայացրել իրենց ստեղծագործություններում: Սակայն մեկ բան ընդհանուր է. նրանք միասին, իրենց ընկերների, ընտանիքի անդամների հետ են թխել, ստեղծել այս աշխատանքները: Սա նաև ամբողջ աշխարհում միասին, միասնական լինելու կոչ է, որ մարդիկ օգնեն միմյանց, ամբողջ աշխարհի մի մասը լինեն:

Միասնության թեման կարմիր գծի նման երևում է գրեթե բոլոր ստեղծագործություններում, օրինակ՝ Նոյյան տապանի կենդանիների պարագայում, Բեռլինի պատի մոտ հավաքված մարդկանց դեպքում, սրճարանում միասին ժամանակ անցկացնող ընկերների օրինակում:

Հաղթողները ճանաչվել են 12 տարբեր անվանակարգերում, իսկ այս աշխատանքների ցուցահանդեսը բաց կլինի մինչև գալիք տարվա հունվարի 9-ը:

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

«ՌԻԱԴԻ ՍԵԶՈՆ» ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓԱՌԱՏՈՆ

Մերձավոր Արևելքի ամենահայտնի երգիչներն ու գրողները հայտնվել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի քաղաքային զբոսայգու պատերին: Խոսքն այդ մարդկանց իրական չափսերից ավելի մեծ որմնանկարների մասին է: Հեղինակը սաուդցի նկարչուհի Նուրա Բին Սաիդանն է: Նա ամբարձիչի օգնությամբ բարձրանում է ավելի քան 30 մետր և ստեղծագործում:

Նուրան 21 օր շարունակ աշխատել է, որպեսզի իր որմնանկարները մասնակցեն «Ռիադի Սեզոն» կոչվող արվեստի և մշակույթի փառատոնին: Այն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում անցկացվում է տարին մեկ անգամ, սակայն տևում է հինգ ամիս: Միջոցառման շրջանակում անցկացվում են նաև շոուներ, համերգներ, մարզական մրցումներ:

Իրականում փառատոնն սկսել են անցկացնել 2019 թվականից, 2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով այն տեղի չի ունեցել, իսկ այս տարի վերադարձել է` իհարկե, համաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:

Նուրայի լավագույն աշխատանքներից է եգիպտացի հայտնի երգիչ Ում Քուլթհումի՝ 18 մետր բարձրությամբ որմնանկարը:

Նուրա Բին Սաիդան (նկարչուհի) - Ում Քուլթհումի որմնանկարը ստեղծելիս շատ մեծ բավականություն եմ ստացել: Հագուստը, դիմագծերը նկարելիս մանրամասներին մեծ ուշադրություն եմ դարձրել: Երեք օր եմ աշխատել այս որմնանկարի համար: Փառք Աստծո, ես շատ երջանիկ եմ, որ այսպիսին է ստացվել:

Հետաքրքիրն այն է, որ Նուրան օգնական չունի, նույնիսկ ինքն է ստիպված վարել տրակտորն ու ամբարձիչը` մի վայրից մյուսը տեղափոխվելու և բարձր պատերի վրա աշխատելու համար: Բացի այդ, երբ նա մի որմնանկար է ավարտում, չի մոռանում դրա մասին, ժամանակի ընթացքում վերադառնում է, հոգ է տանում իր աշխատանքին, եթե որևէ հատված վնասված կամ խամրած է լինում, վերականգնում է: Նուրան հույս ունի իր աշխատանքները ցուցադրել նաև արտասահմանում և արաբական արվեստը ներկայացնել միջազգային հարթակներում:

ՀՈՒՆԱՍՏԱՆ

ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԼՈՒՅՍԵՐԸ ՎԱՌՎԵԼ ԵՆ ԱԹԵՆՔՈՒՄ

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի գլխավոր հրապարակում`Սինտագմայում, տեղի է ունեցել Սուրբծննդյան տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը` դիտարժան ձայնալուսային շոուի ուղեկցությամբ:

19 մետր բարձրությամբ եղևնու վրա 60 հազար լամպ է վառվել: Այս տարի որոշել են սովորականից մի փոքր ավելի շուտ վառել գլխավոր տոնածառի լույսերը, սովորաբար այդ արարողությունն Աթենքում տեղի էր ունենում դեկտեմբերին:

Աթենքի քաղաքապետ Կոստաս Բակոյանիսն ասել է, որ այս տարի ցանկանում է մի փոքր ավելի շուտ բարձրացնել մարդկանց տրամադրությունը, քանի որ երկիրը դարձյալ բախվում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներին:

Կոստաս Բակոյանիս (Աթենքի քաղաքապետ) – Կարծում եմ՝ մեր քաղաքն այժմ դրա կարիքն ունի: Մենք այնքան դժվարությունների միջով ենք անցել, որ Սուրբ Ծնունդը միասին նշելու անհրաժեշտություն կա:

Իսկ հարցին, թե Սուրբծննդյան ինչ երազանք ունի, Աթենքի քաղաքապետը պատասխանել է` առողջություն, քանի որ այս ամիսներին սկսել ենք գնահատել առողջության նշանակությունը: Նա նաև իր քաղաքի բնակիչներին և համայն մարդկությանը հաջողություն, ուրախություն և սեր է մաղթել:

Իհարկե համավարակից առաջ եղած տարիների նման շքեղ տոնակատարություն տեղի չի ունեցել. աթենքցիները համեստ են նշել տոների մեկնարկը: Հունաստանի մայրաքաղաքի ամբողջ տարածքում, ընդհանուր առմամբ, 350 հազար տոնական լույս է վառվել:

ԴԱՆԻԱ

ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԼՈՒՅՍ Է ՎԱՌՎԵԼ ՏԻՎՈԼԻՈՒՄ

Կոպենհագենի Տիվոլի զվարճանքների այգում վառվել է ավելի քան մեկ միլիոն լույս, նաև միացրել են տոնածառերի լույսերը: Այսպես է ազդարարվել Սուրբ Ծննդյան տոնի մեկնարկը:

Մոտ երկու տարի Կոպենհագենի բնակիչները զրկված են եղել բնականոն կյանքից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս տարվա տոնակատարության թեմաները «միասնությունը, մտերմությունը և սերն» են:

Սովորաբար Տիվոլիի այգի ավելի քան մեկ միլիոն մարդ էր այցելում Սուրբծննդյան շրջանում, սակայն անցյալ տարվանից՝ քովիդ-19-ի պատճառով, համավարակի մեկնարկից երկու շաբաթ անց փակվել էր:

Այս տարի կյանքը, ասես, վերադարձել է Տիվոլի, որն աշխարհի երկրորդ հին զվարճանքի այգին է. հիմնադրվել է 1843 թվականին:

ԱՄՆ

ՀՍԿԱ ՓՈՒՉԻԿՆԵՐ ԳՈՀԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՇՔԵՐԹԻ ՀԱՄԱՐ

Նյու Յորքում Գոհաբանության օրվա կապակցությամբ բազմաթիվ հսկա փուչիկներ են փչել Մեյսիի տոնական շքերթի համար: Սա արդեն 95-րդ տարին է, ինչ ԱՄՆ-ում նման կերպ է նշվում այս տոնը:

Ուիլ Քոս (Մեյսիի Գոհաբանության օրվա շքերթի պրոդյուսեր) - Այսօր լավատեսական օր է: Հաճելի է տեսնել մարդկանց, որոնք ժպտում են, պարզապես զբոսնում են, ապահով են: Նրանք դուրս են եկել ` զգալու այն կախարդանքը, որը բերում է Մեյսիի շքերթը: Մենք անչափ ոգևորված ենք: Ուրախ ենք, որ բոլորը լավ ժամանակ են անցկացնում:

Անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով փուչիկների արարողությունը չեղարկվել էր: Իսկ Մեյսիի շքերթը միայն հեռուստատեսային միջոցառմամբ էր սահմանափակվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում