Մինչև դեկտեմբերի 1-ը գույքահարկ չվճարելու դեպքում տույժ կկիրառվի

ԱԱրսեն Մկրտչյան

2021 թվականի հունվարի մեկից գույքահարկ վճարելը բոլորի համար պարտադիր է: Պարտավորությունը կատարելու վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 1-ը, ինչից հետո, չվճարելու կամ մասամբ վճարելու դեպքում, յուրաքանչյուր հաջորդ օրվա համար տույժ կկիրառվի:

Օրի Ալավերդյան (ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ) - Տույժի դրույքաչափը 0,04% է յուրաքանչյուր ուշացված օրվա համար և դեկտեմբերի 1-ին չվճարված հարկի գումարի նկատմամբ հաշվարկված:

Օրի Ալավերդյանը նշում է՝ տույժերը հաշվարկվելու են ոչ ավելի, քան 2 տարվա համար, ինչից հետո գործելու են գումարի գանձման այլ մեխանիզմներ:

Օրի Ալավերդյան - Տեղական ինքնակառավարման մարմիններն իրավասություն ունեն ձեռնարկելու գանձման միջոցառումներ, դա կնշանակի, որ, օրինակ՝ իրավունք ունեն ԴԱՀԿ-ի միջոցով, համապատասխան միջոցառումներ իրականացնելով գանձել գումարները:

Գույքահարկի առցանց վճարման համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստեղծել է Pay.e-community.am էլեկտրոնային հարթակ: Պարտավորությունը հնարավոր է կատարել նաև օնլայն դրամապանակների և վճարային տերմինալների միջոցով: Չնայած որոշ քաղաքացիների բողոքներին, որ համակարգով վճարումները չեն ստացվում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյան ըստ ամիսների ցույց է տալիս, թե որքան առցանց և էլեկտրոնային վճարում է կատարվել:


Գարեգին Մանուկյան (ՏԿԵ նախարարության համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ) - Նոյեմբեր ամսվա ընթացքում 5284 առցանց վճարում է կատարվել և 24311 էլեկտրոնային վճարում:

Մանուկյանի կարծիքով՝ քաղաքացիները դժվարանում են կայքում տվյալները լրացնելիս, սակայն նշում է՝ հարթակում կա տեսաձեռնարկ, որը դիտելուց հետո գործընթացն ավելի դյուրին է դառնում: Տարվա սկզբից մինչև օրս էլեկտրոնային եղանակով կատարվել է 2 մլրդ դրամի վճարում:

Գարեգին Մանուկյան - պարզ քայլեր են: Մուտքագրելով մի քանի րոպեի ընթացքում կարողանում են վճարում կատարել:

Գարեգին Մանուկյանը կարևոր է համարում, որ գույքահարկն ուղղվում է համայնքային բյուջե: Համայնք արդեն ինքնուրույն կորոշի, թե որ խնդրի լուծմանը տրամադրի հավաքագրված գումարը:

Գարեգին Մանուկյան - Բացի այն, որ օրենքով նախատեսված պարտավորություն է, մեր քաղաքացիները գիտակցեն, որ սրանով նպաստում են մեր պետականության ամրապնդմանը: Այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են, այս վճարումներով մենք ապահովում ենք, որ դրանք լինեն շարունակական:

Ֆինանսների նախարարությունում գույքահարկի հավաքագրման ընդհանրացված տվյալներ դեռ չունեն, դրանք կամբողջացնեն մինչև տարեվերջ:
 

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում