ԳԳոհար Սարգսյան

«Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհ՝ հայ գիտնականներին

«Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհ՝ հայ գիտնականներին

ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ներկայացրած «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագիրն արժանացել է «Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհի:

Ծրագրի ղեկավարը ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի խորհրդատու, Ջորջ Վաշինգտոն համալսարանի (ԱՄՆ) բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Նարինե Սարվազյանն է: Գիտական խմբի համաղեկավարներն են ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Դմիտրի Շչերբինը, որը ներկայացնում է Բելառուսի ԳԱԱ կենսաֆիզիկայի և բջջային ինժեներիայի ինստիտուտը:

Ծրագրի նպատակն է ձևավորել տարածաշրջանային ցանց, որը բաղկացած է նախկին խորհրդային վեց երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետազոտողներից, ովքեր հետաքրքրված են կենսաբժշկության ոլորտում պատկերավորման (վիզուալիզացիայի) մոտեցումների կիրառմամբ: Խոսքն այն տեխնոլոգիաների մասին է, որոնք թույլ են տալիս գիտական հետազոտությունները պատկերների միջոցով հնարավորինս ճշգրիտ ներկայացնել և առավել կիրառելի դարձնել կենսաբժշկության ոլորտում:

Այդ ծրագրով նախատեսվում է իրականացնել սարքավորումների և փորձի փոխանակում, ձևավորել տարածաշրջանային կենսաբժշկական վիզուալիզացիայի միություն՝ հատուկ կայքով և եռամսյակային էլեկտրոնային տեղեկագրով: Ցանցի շնորհիվ տարբեր երկրների գիտնականները պարբերաբար կմասնակցեն պատկերավորման վերաբերյալ սեմինարների և գործնական աշխատանքների, կկազմակերպվեն գիտաժողովներ, որոնց ընթացքում նրանք կփոխանակեն նոր գաղափարներ:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է կենսաբժշկության ոլորտում պատկերավորման մոտեցումները կիրառող հետազոտողների թվի ավելացում, առկա ենթակառուցվածքի ավելի լավ օգտագործման միջոցով ցանցին միացած երկրների համագործակցության զարգացում և վիզուալիզացիայի վրա հիմնված կենսաբժշկական հրապարակումների ավելացում:

Նշենք, որ «Չան-Ցուկերբերգ նախաձեռնությունը» (Chan Zuckerberg Initiative) բարեգործական հիմնադրամ է, որը 2015 թվականին ստեղծել են Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլա Չանը: Հիմնադրամի նպատակը սոցիալական բարդ խնդիրների լուծմանն աջակցելն է. ուշադրության կենտրոնում են հատկապես հիվանդությունների բուժմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքները և կրթության որակի բարելավմանն ուղղված ծրագրերը: Հիմնադրամը «Սիլիկոնային հովտի հիմնադրամների միության» անդամ է և առաջին անգամ է Հայաստանից ներկայացված ծրագիր ֆինանսավորում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում