Նոր ռեֆորմ. դպրոցներն այսուհետ երկու ղեկավար կունենան

ԱԱնուշ Մուրադյան

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Նոր փոխվարչապետին՝ 29-ամյա Համբարձում Մաթևոսյանին, Կառավարության նիստի սկզբում ներկայացրեց վարչապետը: Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո փոխվարչապետի աթոռը թափուր էր արդեն տասը օր, Համբարձումյանն էլ նախորդ երեք տարիներին Արմավիրի մարզպետն էր:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 400 ՄԼՆ ԴՐԱՄ

Օրակարգում զեկուցվող երեք հարց էր: Գործադիրը որոշեց, 400 մլն դրամ հատկացրեց Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին: Գումարը կուղղվի հրատապ ծրագրերի իրականացմանը, ընդհանուր առմամբ՝ այս տարի հարավային մարզին արդեն 1.1 մլրդ է տրամադրվել՝ ապրիլին՝ 500, սեպտեմբերի էլ՝ 200 մլն դրամի չափով:

Վերջին լուծված հարցն էլ Կապան-Ճակատեն ներհամայնքային տրանսպորտի խնդիրն էր, երկու «ՈՒԱԶ» մեքենաները հիմա կանոնավոր փոխադրումներ են իրականացնում՝ ասաց Սանոսյանը: Վարչապետն էլ նշեց՝ կենսական անհրաժեշտության հարցերն արագ լուծելու համար այսօր չզեկուցվող փաթեթով հավանություն տվեցին նաև «Գնումների մասին» օրենքում փոփոխությանը: Նման հրատապության պահանջով հիմա մարզում յոթ այլընտրանքային ճանապարհ է կառուցվում:
 
Շինարարության ընթացքը նախարարը ներկայացրեց՝ Տաթև-Աղվանին ամբողջովին պատրաստ է, դրա հիմնական հատվածը ոչնչով չի զիջում M2-ին: Բայց որ Տաթևի ձորում մեծ բեռնատարները շրջադարձերի դժվարություն էլ չունենան՝ Տաթև-Լծենն է կառուցվում՝ սա դեպի Սիսիան տանող ավելի կարճ ճանապարհ է լինելու՝ մանրամասնեց Սանոսյանը:

Որտեղ էլ եղանակի պատճառով ասֆալտապատումը չեն հասցնի, կավարտեն 2022-ին: Ժամկետում տեղավորվել ու հաջորդ տարվա առաջին կիսամյակում հույս ունեն ավարտել նաև Շուռնուխում նոր տների կառուցումը՝ սա էլ զեկուցեց քաղաքաշինության կոմիտեի նախագահը:
 
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 13.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԱՐՑԱԽԻՆ

Օրակարգով մյուս հատկացումն էլ Արցախի կառավարությանն արվեց: 13.5 մլրդ դրամը կուղղվի աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների վճարմանը, բնակիչների գազի, հոսանքի ու կապի ծառայությունների վարձավճարների սուբսիդավորմանը: Սա այս տարվա վերջին հատկացումն է Արցախին՝ նշեց ֆինանսների նախարարն ու ամփոփեց տվյալները:
 
ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՒՆԵՆԱՆ

Նիստի ամենաքննարկվող հարցը կրթության ոլորտինն էր: Մշակված նախագիծը դպրոցական օղակին է վերաբերում ու նոր մոտեցումներ է բերում կրթական հաստատության ղեկավարման գործում: Դպրոցում գույքն է վնասվել, պատուհանն է պետք փոխել, կավիճն է վերջացել՝ այս հոգսերն այլևս տնօրեններին չեն վերաբերի՝ վարչատնտեսական կառավարումը կառանձնացվի կրթական հատվածի կառավարումից: 

Կրթության որակի հարցը՝ տնօրենին, իսկ վարչական կառավարումը կհանձնվի այլ պատասխանատուի՝ նա էլ կզբաղվի ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի դպրոցի հարցով: Պարտականությունների նման տարանջատումը, ըստ վարչապետի, թույլ կտա չափելի դարձնել հենց դպրոցի տնօրենի աշխատանքը: Այդ պաշտոնին նշանակված ղեկավարը մեկ տարի անձեռնմխելի կլինի, 3 տարին մեկ էլ արդյունքների ստուգում կանցնի, խորհրդին էլ հնարավորություն կտրվի անվստահություն հայտնել տնօրենին: 

Այս փոփոխությամբ օրենքով կամրագրվի նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման ինստիտուտը: Սա այլևս միակ նախապայմանն է բարձր աշխատավարձ ստանալու, քաղաքական որոշում է՝ շեշտեց Փաշինյանը:
 
Նախագծի մյուս կարևոր փոփոխությունը ներառական կրթությանն է առնչվում: Այս ճյուղում առավել հաջողած դպրոցները կարող են օգտվել լրացուցիչ ֆինանսավորման մեխանիզմներից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում