Մեկ մլրդ դրամ և ավելի պայմանագրային արժեքով բոլոր պետական շինարարական աշխատանքները կվերահսկի ՊՎԾ-ն

ԳԳևորգ Թոսունյան

Դեկտեմբերի 1-ից 1 մլրդ դրամ և ավելի պայմանագրային արժեքով բոլոր պետական շինարարական աշխատանքները կվերահսկի Պետական վերահսկողական ծառայությունը։

Անի Խաչատրյան (Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական) - Մեր ծառայությունը փոխել է իր մարտավարությունը և իրականացնելու է ավելի շատ կանխարգելիչ միջոցառումներ՝ նպատակ ունենալով ոչ թե բացահայտել խնդիրներ ու չարաշահումներ, այլ այնպես անել, որ դրանք ի հայտ չգան:

Շինարարական ոլորտն է ընտրվել, քանի որ բյուջեում այդ ոլորտին հատկացված մասնաբաժինը մեծ է, մեծ են նաև ռիսկերը:

Արմեն Ջանազյան (Պետական վերահսկողական ծառայության ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար) - 2022 թ. պետական բյուջեով և Կառավարության 5-ամյա ծրագրերում շինարարական ոլորտն աննախադեպ ծավալների է, ինչը մինչ օրս չի եղել:

Մեր աշխատանքի վերջնական արդյունքն այն է, որ ծրագիրը լավ ավարտվի, ոչ թե ինչ-որ մեկին պատժենք, այսինքն՝ չենք թողնում ծրագիրն ավարտվի, գնանք տեսնենք, ասենք՝ վատ է, այլ զուգահեռ աշխատենք ու սկզբից կանխարգելենք:

Նյութերի որակից մինչև տեխնիկական հագեցվածություն, աշխատանքում ընդգրկված մարդկանց քանակ ու անվտանգություն: Ուշադրության կենտրոնում բոլոր բաղադրիչներն են լինելու՝ վստահեցնում է Ջանազյանը: Գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարն էլ նշում է՝ 2019-2021 թթ. ընթացքում արդեն տարբեր ոլորտներում կանխարգելվել են մոտ 400-ից ավելի ընթացակարգերի անհամապատասխանություններ: Այսինքն՝ նախնական փուլում կանխարգելիչ գործառույթով զսպելով որոշ իրավախախտումներ՝ բացառել են անցանկալի արդյունքը: Այդ վիճակագրության ուսումնասիրությունն է պատճառ դարձել վերահսկողության մեթոդների փոփոխության:

Կարեն Մնացականյան (Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար) - Նախնական ուսումնասիրությամբ մոտ 40 ընթացակարգ պետք է ուսումնասիրության ենթարկվի:

ՊՎԾ-ն այս պահին օրենսդրական փոփոխությունների փաթեթ է պատրաստում, որ էս գործում ընդլայնի մեր գործառույթները էդ պրոցեսներում: Բայց հիմա էս պահին եթե խախտում ենք արձանագրում, տեղեկանք ենք կազմում, ներկայացնում վարչապետին:

Ի դեպ՝ 2019-2021 թթ. տարբեր ոլորտների ուսումնասիրությամբ դատախազություն է ուղարկվել 70 նյութ, որոնցից 61-ով հարուցվել է քրեական գործ:

Ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության նորաստեղծ վարչությունը ոչ միայն շինարարական ոլորտի, այլև պետական բյուջերով ֆինանսավորվող ցանկացած ծրագրի դեպքում կատարում է ռիսկերի գնահատում:

Էս պահի դրությամբ վարչապետի հանձնարարականով ընթացիկ մոնիտորինգ է իրականացվում երկրորդ էներգաբլոկի գնման գործընթացի նկատմամբ՝ դիտարկելով դա որպես երկրի համար թիվ 1 կարևորություն ներկայացվող պրոյեկտ:

Իրավական և այլ անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար պետական կառավարման համակարգի հսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց և կապալառու ընկերություններին ՊՎԾ-ն հորդորում է պատշաճ իրականացնել իրենց պարտականությունները և զերծ մնալ պետական միջոցների վատնմանն ուղղված վարքագծից։

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում