Հայաստանում աճեցված ընկույզն առաջին անգամ կարտահանվի Մեծ Բրիտանիա

ՎՎահե Կոստանդյան

Հայաստանում աճեցված ընկույզը 2022-ի հունվարից առաջին անգամ կարտահանվի Մեծ Բրիտանիա: Լիբանանահայ Սամուել Սամուելյանի երազանքը՝ հայրենիքում ունենալ ընկույզի այգիներ, իրականություն է դառնում: Տարիներ առաջ Արմավիրում հիմնած 100 հեկտար գաճաճ ընկուզենիների այգին արդեն բերք է տալիս:

Սամուել Սամուելյան («Վոլնաթ Ֆարմս» ընկերության հիմնադիր) - Տարածաշրջանում շատ լավ աճում է, երկրորդ՝ ես ընկույզ շատ եմ սիրում, և հեռանկարային գործ է: Այսօրվա ծառերը, որ տնկել ենք, ապրելու են 75 տարի: Մենք էստեղ չենք լինելու, բայց անտառը կլինի, մեր երեխեքը կտեսնեն:

Ճիշտ փաթեթավորելու դեպքում կարելի է երկար ժամանակով պահեստավորել, ասում է Սեմը: Որ պատվիրատուի պահանջարկը բավարարեն, հիմա ընկույզ են մթերում Հայաստանի բոլոր շրջաններից: Պետական աջակցությամբ ստեղծել են նաև ընկույզի տեսակավորման, մաքրման ու փաթեթավորման արտադրամաս: Հայաստանի ներդրումների աջակցության կենտրոնի և Համաշխարհային բանկի դրամաշնորհային աջակցությամբ արդեն ձեռք են բերել ընկուզ տեսակավորող ու մաքրող ֆրանսիական սարքեր:

Ռուբեն Իշխանյան (արտադրամասի պետ) - Լվանալուց հետո պոպոքն անցնում է չորացման խցիկով, այնուհետև տալիս են սորտավորում (կոչվում է կալիբրովկա), անցնում է պոպոք կոտրող մեքենաների միջով: Կոտրած պոպոքը անցնում է ինսպեկցիոն սեղանի վրա:

Ռաֆայել Նիկողոսյան («Վոլնաթ Ֆարմս» ընկերության գործառնական տնօրեն) - Ընդհանուր ծրագրի արժեքը 240 միլիոն դրամ էր, որից 130 միլիոնը պետական աջակցության միջոցով է արվել: Մի մասն էլ մեր համաֆինանսավորմամբ է եղել:

Արտադրամասն այսօր առաջին արտադրանքն է տալիս: Այս տարի նախատեսում են մթերել մինչև 90 տոննա ընկույզ՝ հետագայում ծավալը հասցնելով 300-500 տոննայի: Նույնքան էլ պլանավորում են ստանալ սեփական այգիներից: Արդեն իսկ ունեցած պայմանագրերով հայկական ընկույզի պահանջարկը մեծ է, ասում է Ռաֆայել Նիկողոսյանը:

Հայկական ընկույզը պահանջարկ ունի ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև Արաբական էմիրություններում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում: Այս տարվա բերքից նախատեսել են մինչև 50 տոննա արտահանել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում