ՆՆարե Ոսկանյան

Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանում հողային բարեփոխումների իրականացմանը նվիրված միջազգային համաժողովին

Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանում հողային բարեփոխումների իրականացմանը նվիրված միջազգային համաժողովին

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 8-ին մասնակցել է «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» խորագրով միջազգային համաժողովին:

May be an image of 2 մարդ, people standing և ներսումը

Միջոցառմանը նաև մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Ելեն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության հարցերով խորհրդական-նախարար Ֆրենկ Հեսսը։

May be an image of 5 մարդ, people standing և ներսումը

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում՝ գյուղացիական տնտեսությունների բարելավման ու հողօգտագործման ձևերի կատարելագործման ուղղությամբ:

«Այսօր Հայաստանում վարելահողերի 50%-ից պակասն է փաստացի մշակվում, և կառավարության նպատակն է հողային բարեփոխումների արդյունքում 5 տարի անց այդ ցուցանիշը հասցնել 70%-ից ավելիի, գրեթե կրկնապատկել միջին գյուղացիական տնտեսության եկամուտների չափը, շեշտակի բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը և հնարավորություն տալ, որ ինստիտուցիոնալ ներդրողները կարողանանան մուտք գործել ոլորտ և հետաքրքրված լինեն այս ոլորտով։ Մեր հողային բարեփոխման հիմքում ընկած է գաղափարը՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կկարողանան օգուտ ունենալ և կշարունակեն զբաղվել այդ գործով»,- նշել է Վահան Քերոբյանը։

Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Ելեն իր խոսքում նշել է․ «Համաժողովի նպատակն է պետական և ոչ պետական դերակատարների շրջանում մեծացնել հողային բարեփոխումների օրակարգի հիմքերի վերաբերյալ իրազեկման մասշտաբները, նպաստել քաղաքական երկխոսության զարգացմանը և որոշել հետագա անելիքները։ Չափազանց կարևոր է երկխոսության մեջ ներգրավել միջազգային զարգացման կազմակերպություններին և ձեռք բերել  համաձայնություն՝ հողային բարեփոխումների օրակարգի շուրջ համագործակցության ու գործընկերության վերաբերյալ»։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել «ՀՀ-ում հողային բարեփոխումների անհրաժեշտությունը և հայեցակարգային մոտեցումները» վերնագրով զեկույցի ներկայացմամբ։  Մասնավորապես, ելույթում նշվել է, որ հողային բարեփոխումների շրջանակում 2020 թվականին ընդունվել է հայեցակարգ, որով նախատեսված միջոցառումների մի մասն արդեն իրականացվել է։ Զեկույցում Արման Խոջոյանը նաև անդրադարձել է հայեցակարգի շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխություններին, որոնք վերաբերում են հողի նպատակային նշանակության փոփոխմանը և չօգտագործվող հողերի դասակարգման չափանիշներին։

Արման Խոջոյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մոտ 2043 հազ. հա, որից շուրջ 51%-ը արոտավայրեր են, իսկ վարելահողերը կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերի 22%-ը։ Փոխնախարարը նշել է, որ վարելահողերի օգտագործման մակարդակն ավելի բարձր է հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում, մինչդեռ Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում այդ ցուցանիշը դեռ ցածր է։ Միաժամանակ, Արման Խոջոյանն ընդգծել է, որ  վարելահողերի օգտագործման ավելացման խնդիրն առկա է հանրապետության բոլոր մարզերում։ 

Միջոցառման ընթացքում պետական մարմինների, գիտակրթական շրջանակների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և ոլորտի փորձագետները քննարկել են Հայաստանում հողերի չօգտագործման հիմնախնդիրի լուծման ուղիները և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքը բարելավելու հնարավորությունները։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ընթանում է հողային բարեփոխումների օրակարգի վերաբերյալ ազգային համաձայնության ձևավորման գործընթաց։ Հողային բարեփոխումներին միտված ազգային համաժողովն այս գործընթացի շարունակությունն է:

Համաժողովը կխթանի համագործակցությունն ու համակարգումը, ինչպես նաև կնպաստի Հայաստանում հողային բարեփոխումների շարունակական գործընթացի բարձր մակարդակի հանձնառությանը։

2019 թ. նոյեմբերին ՊԳԿ-ն մեկնարկել է հողերի կառավարման գործիքների և ինստիտուցիոնալ դաշտի ստեղծման տեխնիկական աջակցության ծրագիր՝ աջակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կարգավորիչ դաշտի ձևավորման և հողերի կառավարման գործիքակազմի ներդրման հարցերում։ Նպատակը՝ գյուղատնտեսական հողերի չօգտագործման հիմնախնդրի լուծումն էր և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի բարելավումը՝ նվազեցնելով հողերի մասնատվածությունը՝ խթանելով կամավոր հիմունքներով գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում