Արա Շիրինյանը ներկայացրել է Հանրային հեռարձակողի խորհրդի ֆինանսավորման հայտի նախագիծը

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ներկայացրել է  Հանրային հեռարձակողների խորհրդի 2022 թ. ֆինանսավորման հայտի նախագիծը և արված փոփոխությունները:

Իրականացվում է մեկ ծրագիր՝ հեռուստա և ռադիոհաղորդումների հեռարձակում, որը բաղկացած է 5 միջոցառումից:

Ծրագրի նպատակն է Հայաստանի և նրա սահմաններից դուրս ստեղծել և տարածել շուրջօրյա բազմազան տեղեկատվական, ճանաչողական, ժամանցային, կրթական հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ: Հանրային հեռարձակողներն արտադրում և սփռում են 4 հեռուստատեսային և 4 ռադիոծրագիր:

Արա Շիրինյանը մանրամասնել է Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստաընկերության հաղորդումների բովանդակությունն ու բնույթը:

2022թ. բյուջեի նախագծով առանց կառավարման ապարատի ծախսերի նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 465 մլն դրամ: 2021 թ. համեմատ ծախսերն աճել են 256 մլն դրամով: 212 մլն դրամի աճը պայմանավորված է Հանրային հեռուստաընկերության մայրաքաղաքային սփռման 24-ժամյա լրատվական նոր հեռուստաալիքի գործարկմամբ: 35,4 մլն դրամի աճը պայմանավորված է միջազգային կազմակերպություններին անդամակցության միջոցառման ծախսերի վերաբաշխմամբ:

Զեկուցողը նշել է, որ 2022 թ. Հանրային հեռուստաընկերության բյուջետային հատկացումներն աճել են ընդամենը 4 տոկոսով: Ըստ նրա՝ հատկացումները թույլ կտան ապահովել թե՛ Առաջին ալիքի, թե 24-ժամյա լրատվական ալիքի ընթացիկ գործունեությունը:

2022 թ. նախատեսվում է սկսել Հանրային հեռուստաընկերության թվային տեխնիկական վերազինման եռամյա կապիտալ ծրագիրը: Առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում նախատեսվում է վերազինել Առաջին ալիքի տեխնիկական պարկը: Արա Շիրինյանի խոսքով՝ տարիներ շարունակ մասնակի տեխնիկական ներդրումներ են կատարվել, ինչն այժմ չի համապատասխանում ժամանակակից տեխնիկական պահանջներին:

«2022 թ. տեխնիկական վերազինման համար նախատեսվում է  ներգրավել մինչև 1 մլրդ 700 մլն դրամի վարկային միջոցներ շուկայում գործող բարենպաստ պայմաններով, ինչպես նաև օգտագործել առևտրային գովազդի ու այլ եկամուտներից կանխատեսվող ֆինանսական ներհոսքը»,- ասել է Արա Շիրինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում