ՆՆարե Թադևոսյան

Ֆրանսիական կողմին են ներկայացվել համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները

Ֆրանսիական կողմին են ներկայացվել համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանը ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը` տրանսպորտային ծրագրերի գլխավոր ինժեներ Առնո Դեմարշելիեի գլխավորությամբ:

 

Հանդիպման նպատակն էր քննարկել ենթակառուցվածքների զարգացման և համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները, որոնք մայիսին ներկայացվել էին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբին:

 

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ողջունելով հյուրերին` իր պատրաստակամությունն է հայտնել քննարկել ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախարարության առաջարկները և ֆրանսիական կողմի հետ փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան արագընթաց գնացքի երթուղուն և Վանաձորից Ֆիոլետովո մոտ 40 կմ երկաթուղային նոր գծի կառուցմանը:

 

Քննարկվել են ծրագրի տեխնիկական հնարավորություններին, ֆինանսատնտեսական առումով նպատակահարմարությանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆրանսիական կողմին հետաքրքրող հարցերը դիտարկել Ա․Դեմարշելիեի հաջորդ այցի ընթացքում`տեղում այցելություն կազմակերպելով:

 

Անդրադարձ է կատարվել գյուղական ճանապարհների բարեկարգման նախագծին: Ճանապարհաշինության ոլորտը համակարգող ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական ճանապարհների կարիքները, ընդգծելով, որ որպես համայնքներում կյանքի որակի վրա անմիջականորեն ազդեցություն ունեցող ոլորտ, այն շարունակում է մնալ ՀՀ Կառավարության առաջնահերթությունների ցանկում:

 

Ք. Ղալեչյանը նշել է, որ վերջին տարիներին ճանապարհաշինական աշխատանքները հիմնականում ուղղված են եղել հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների վերանորոգմանը, ներկայումս արդիական է դարձել տեղական նշանակության ճանապարհների բարեկարգման հարցը:
 
Նրա խոսքով` ՀԲ-ի 2018-2019 թթ. հետազոտության արդյունքներով` Հայաստանի տեղական նշանակության 3806 կմ ճանապարհներից միայն 42 տոկոսն է ասֆալտապատ, և միայն 26 տոկոսն է լավ վիճակում։ Այս առումով Կառավարությունը բաց է տարբեր ձևաչափով համագործակցության համար:

 

Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները նշել են, որ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես գյուղական ճանապարհների ոլորտը, իրենց հետաքրքրությունների շրջանակում է, և պատրաստ են համագործակցել թե՛ ՀԲ-ի ծրագրերի շրջանակում, որի հետ ՀՀ Կառավարությունն արդյունավետ համագործակցության փորձ ունի, և թե՛ երկկողմ ձևաչափով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում