100-ից ավելի ընկերություն՝ «ԴիջիԹեք Էքսպո 2021»-ում

ՎՎահե Դավթյան

Տեխնոլոգիական ոլորտի սկսնակ և առաջատար ընկերություններին մեկ հարկի տակ է համախմբել տարվա հաշվետու միջոցառումը: 16-րդ «ԴիջիԹեք»-ին մասնակցում է 100-ից ավելի ընկերություն՝ 60-ից ավելի տաղավարով:

Այս տարվա «Էքսպո»-ն ամենամեծն է իր պատմության մեջ՝ 1350 քմ ցուցահանդեսային տարածքով, միաժամանակ՝ համաժողովներ, պանելային քննարկումներ: Ցուցահանդեսը Մերգելյանից մարզահամերգային համալիր տեղափոխելով՝ կազմակերպիչներն ապահովել են, որպեսզի ընկերությունները ներկայանան իրենց նախընտրած տաղավարներով:

Տեղական և միջազգային շուկայում առաջատար դիրք ունենալու համար ընկերությունները պարբերաբար նախագծում և կիրառության փուլ են մտցնում նոր գաղափարներ: Շատերն էլ հայաստանյան շուկայում արտադրանքը սպառելով՝ պատվերներ են ընդունում միջազգային գործընկերներից: Գործերը շատ են, աշխատողների մեծ կարիք ունեն:

Գրիգորի Ջլավյան (ADDEVICE ընկերության տնօրեն) - Մենք նախատեսում ենք ստեղծել նոր աշխատատեղեր և հրավիրում ենք բարձր կարգի մասնագետների, ինչպիսիք են՝ ռեակտ ծրագրավորողներ, աբգուլա, ջավա և մոբայլ ծրագրավորողներ:

Որոշ ընկերություններ իրենց գաղափարները իրագործել են պետական դրամաշնորհներով: Անի Արթենյանը դրամաշնորհով նյութագիտության ոլորտում ստեղծել է կառավարման համակարգեր նյութերը թեստավորող հաստոցների համար: Գաղափարից բիզնես ծրագրի հաղթողը միջոցներն օգտագործելու է նախագծի զարգացման համար:

Անի Արթենյան («Թաքթուն» ընկերության տնօրեն) - Կես տարուց վերջնական պրոդուկտը կլինի պատրաստ, և ավելի ակտիվ կսկսենք զբաղվել վաճառքով:

Սկսնակ և արդեն մեծ հաջողություն ունեցած ընկերություններին ԲՏԱ նախարարությունը տրամադրում է հարկային արտոնություններ: Հայաստանում ստեղծված և աշխարհում ճանաչում ունեցող այս ստարտափն արդեն ունի 25 մլն-ից ավելի ներբեռնում: Հավելվածով շուրջ 2,5 մլրդ տեսանյութ է նկարվել: Ընկերության ղեկավարը հարկային արտոնությունը համարում է օգնություն՝ մեկ քայլ առաջ շարժվելու համար:

Դավիթ Գրիգորյան (Zoomerang ընկերության հիմնադիր տնօրեն) - Մեզ դա շատ է օգնում, քանի որ կարողացել ենք մեր ռեսուրսները ուղղել արդեն հավելվածի զարգացմանն ու աշխարհում ավելի հայտնի դառնալուն:

Տաղավարներն ու ծրագրերը տեսնելուց հետո ԲՏԱ նախարարը ուրախությամբ նշում է՝ Հայաստանում արդեն ձևավորվել է կայուն տեխնոմիջավայր: Ընկերությունները, անհատները ազատ իրականացնում են իրենց թռիչքային նախագծերը:

Վահագն Խաչատուրյան (ՀՀ ԲՏԱ նախարար) - Ավելի ներկայանալի պետք է դառնանք, ես ի նկատի ունեմ դրսից հրավիրվող մարդկանց քանակն ավելացնենք, որովհետև նպատակը ոչ միայն մենք ներկայանալի դառնանք, սա էլ է կարևոր, նաև դրսին ներկայացնենք, որ Հայաստանում կան այսպիսի ծառայություններ, այսպիսի գաղափարներ:

Արդեն հաջորդ՝ 17-րդ «Դիջիթեք»-ին, կազմակերպիչները պլանավորում են փոխել «էքսպո»-ի ֆորմատը՝ ներմուծելով նորարար լուծումներ և ոչ միայն: Երեք օր, ցուցադրական միջոցառմանը զուգահեռ կլինեն բաց քննարկումներ, որտեղ ոլորտի մասնագետները կձևակերպեն նոր խնդիրներ հաջորդ տարվա համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում