ԳԳոհար Սարգսյան

Պատգամավորները քննարկել են էներգետիկայի ոլորտի կանոնակարգմանն ուղղված փոփոխությունները

Պատգամավորները քննարկել են էներգետիկայի ոլորտի կանոնակարգմանն ուղղված փոփոխությունները

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ու «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի` փոփոխությունների արդյունքում կապահովվեն ոլորտի ընթացիկ կանոնակարգումը և վերահսկողությունը: Նշվել է, որ ներկայում էներգետիկայի բնագավառում առկա են այնպիսի տեխնիկական կանոնակարգեր, որոնք համաձայն «Տեխկանոնակարգման մասին» օրենքի և «ԵԱՏՄ մասին» պայմանագրի դրույթների և բովանդակության` առաջիկայում չեն կարող գործել:

«Այժմ մեկնարկել է որոշ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրս բերման գործընթաց, և նախնական մշակման փուլում են գտնվում այն իրավական ակտերը, որոնք փոխարինելու են տեխնիկական կանոնակարգերին»,- ընդգծել է Արթուր Ասոյանը:

Նրա խոսքով` փաթեթի երկրորդ նախագծով առաջարկվում է տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներից զատ շահագործման կանոններ և պահանջներ սահմանել նաև այլ նորմատիվ իրավական ակտերով:

«Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով էլ գործադիրն առաջարկում է սահմանել իրավական հիմքեր, որոնք հնարավորություն կտան տեխնիկական կանոնարգերով սահմանված պահանջներից և պայմաններից զատ վերահսկողություն իրականացնել նաև նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պայմանների և պահանջների նկատմամբ:

Զեկուցողի տեղեկացմամբ` փոփոխությունների ընդունումից հետո կվերանայվեն և նորմատիվ իրավական այլ ակտերով կսահմանվեն մի շարք տեխնիկական կանոնակարգեր` մասնավորապես էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների, մայրուղային գազատարներում անվտանգության պահանջների, էլեկտրակայնների և ցանցերի շահագործման վերաբերյալ:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում