Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Ըստ նախագծի՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը, սակայն անդրադարձ չի կատարվել մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի ընդունած որոշումների իրավահաջորդության հարցին: 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ Երևան քաղաքի կարգավիճակը փոխվել է:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով Երևանի քաղաքապետի՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) ձևավորումից հետո Երևանի քաղաքապետը՝ որպես տարածքային կառավարման մարմին, դադարել է գոյություն ունենալ:
Այս և մի շարք այլ իրավական խնդիրների հետևանքով քաղաքացիների համար առաջացել են խոչընդոտներ սեփականության իրավունք գրանցելու, ժառանգություն ընդունելու և այլ նման իրավահարաբերություններ կարգավորելու համար: Ելնելով վերոնշյալից՝ անհրաժեշտություն է առաջացել մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների կողմից ընդունված և իրենց իրավական ուժը պահպանած ակտերն ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երևանի քաղաքապետին՝ սահմանելով, որ ըստ անհրաժեշտության Երևանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը:










