ԳԳոհար Սարգսյան

Սրանով ոտնահարելու ենք դատական իշխանությունը. Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց չընդունել ընդդիմության նախաձեռնությունը

Սրանով ոտնահարելու ենք դատական իշխանությունը. Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց չընդունել ընդդիմության նախաձեռնությունը

ԱԺ պատգամավորների առնվազն ¼-ի պահանջով՝ դատարաններում գործերի օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:

Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ: Այսպես, ԱԺ-ն քննարկում է որոշման նախագիծը: Անդրադառնալով դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմանը՝ քննիչ հանձնաժողովի նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց. «Դատական օրենսգիրքն ասում է, որ եթե համակարգչային ծրագրի հետ ինչ-որ բան լինում է, Բարձրագույն դատական խորհուրդը կատարման համար պարտադիր ենթակա ցուցումներ է տալիս դատական դեպարտամենտին: Դատական դեպարտամենտը պետական մարմին է, պետական մարմնի նկատմամբ վերահսկողություն կարող է իրականացնել Ազգային ժողովը»:

Վարդևանյանը մանրամասնեց, որ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերի՝ համակարգչի միջոցով մակագրման համակարգը չի գործում 2021 թվականի հուլիսից:

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ բարձրացված հարցը ԱԺ իրավասության ոլորտից դուրս է:

«Այստեղ չի կարող լինել իրավունքի ուժող ստեղծված հանձնաժողով այն պարզ պատճառով, որ հանձնաժողովի ստեղծման համար անհրաժեշտ է 2 փոխկապակցված պայման՝ հարցը պետք է վերաբերի ԱԺ լիազորություններին, իսկ այստեղ մենք ակնհայտորեն մխրճվում ենք դատական իշխանության ոլորտ, և երկրորդ՝ հանրային հետաքրքրություն պետք է ունենա»,- ասաց Վարդանյանը:

Վարդանյանը պատգամավորներին կոչ արեց զերծ մնալ հարցի քննարկումից ու քվեարկությունից, որովհետև այդպես «ոտնահարելու ենք դատական իշխանությունը»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում