ՎՎահե Դավթյան

Հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը

Հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:

Օլիմպիադաները կազմակերպվում են երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական): Դրանք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների:

Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը:

Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում («Ինֆորմատիկա» առարկայի դեպքում` առցանց եղանակով): Առաջին փուլին կարող է մասնակցել ցանկացած սովորող («Ինֆորմատիկա» առարկայի դեպքում՝ C կամ C++ ծրագրավորման լեզուներից որևէ մեկին տիրապետող աշակերտ)` այդ մասին տեղեկացնելով դպրոցի տնօրինությանը:

Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է 2021 թ. նոյեմբերին և դեկտեմբերին:

Օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվելու է մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) սահմանած վայրում: Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները` հանրապետական կազմկոմիտեի որոշման համաձայն:

Օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվում է 2022 թ. հունվարին և փետրվարի սկզբին: Երկրորդ փուլի հաղթողները պարգևատրվում են մարզպետարանների (Երևանում՝ քաղաքապետարանի) դիպլոմներով և գովասանագրերով:

Օլիմպիադայի երրորդ փուլը 2022 թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած վայրում: Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները` համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման: Երրորդ փուլի մասնակիցներին տրվում են օլիմպիադայի մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները պարգևատրվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով: Օլիմպիադայի երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են միջազգային օլիմպիադաների ՀՀ թիմի հավակնորդներ:

Աշակերտների անվանական ցուցակների ձևանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները և օլիմպիադայի վերաբերյալ այլ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում:

ԿԳՄՍ նախարարի մեկ այլ հրամանով հաստատվել է ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների՝ 2021-2022 ուսումնական տարվա հանրապետական առարկայական հանձնաժողովների նախագահների կազմը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում