ՎՎահե Դավթյան

Վերդիի «Աիդա» օպերան վերադառնում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բեմ

Վերդիի «Աիդա» օպերան վերադառնում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բեմ

Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան երկարատև դադարից հետո վերականգնվել է և հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 2-ին կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան:

Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան:

Բեմադրող ռեժիսոր՝ Մարիո Կորադի (Իտալիա):

Բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան:

Զգեստների նկարիչ՝ Սուսաննա Ալավերդյան:

Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին։ Չորս գործողությամբ ներկայացման վերաբեմադրմանը ներգրավված է թատրոնի ստեղծագործական անձնակազմի ավելի քան 350 աշխատակից: Ներկայացումը վերականգնվել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի արտաբյուջետային միջոցներով:

«Մեզ համար անչափ կարևոր է Վերդիի այս նշանավոր օպերան մեր խաղացանկում ունենալը: Սիրով հրավիրում ենք ներկա լինելու այս կարևոր մշակութային իրադարձությանը»,- հանդիսատեսին ուղղված խոսքում նշել է Կարեն Դուրգարյանը:

Տեղեկացնենք, որ իտալական օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը համարվող «Աիդա» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1871 թվականին Կահիրեում, իսկ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին։

Վերդին «Աիդա» օպերան գրել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ եգիպտական կառավարության պատվերով։ Գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում փարավոնների տիրապետության օրոք։ Երաժշտական դրաման եգիպտական զորավար Ռադամեսի և ստրկուհի Աիդայի սիրո մասին է։ 1871 թվականի Ամանորի նախօրեին ներկայացման առաջնախաղին ներկա էին հյուրեր աշխարհի տարբեր կողմերից:

Այդ կարևոր իրադարձությանը բացակայում էր միայն Վերդին: Կոմպոզիտորը 46 օր անց ներկա է եղել «Աիդայի» պրեմիերային հարազատ Միլանում: «Աիդան» մինչ օրս չի իջնում համաշխարհային հեղինակավոր օպերային թատրոնների բեմերից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում