Եթե այս տարի ծառայություններն են տնտեսական աճի հիմնական ուղղորդող հատվածը, ապա 2022-ին այն պետք է լինի շինարարությունը և արդյունաբերությունը: Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Եկող տարվա համար կանխատեսում ենք ավելի մեծ աճ, քան միջին աճի ցուցանիշն է ծրագրային ժամանակահատվածի համար: Աճը բաղկացած կլինի երկու ամսից: Առաջին գործոնը կլինի հարկային վարչարարության բարելավումը:
Մենք նախատեսում ենք, որ 0.5 տոկոսային կետով հարկային եկամուտների ավելացում ՀՆԱ-ի նկատմամբ կապահովվի հենց ավելի լավ հարկային վարչարարությունը կամ ստվերային գործունեությունը հարկային դաշտ բերելուն ուղղված միջոցառումները: Եվս 0.4 տոկոսային կետով մենք կունենանք լրացուցիչ հարկային եկամուտներ՝ կապված այն փոփոխության հետ, որ տեղի է ունեցել 2021 թվականի ընթացքում և վերաբերում է մետաղական խտանյութերի արտահանման դեպքում գանձվող վճարներին:
Դրանք արդեն որոշակի ազդեցություն ունեն 2021 թվականի 4-րդ եռամյսակի հարկային եկամուտներում, և ունենալու են ամբողջ տարվա տեսանկյունից իրենց ընդհանուր ազդեցությունը 2022-ի եկամուտների վրա»,- ասաց Խաչատրյանը:










