«ԵՄ-ն՝ Սևանի համար». 5.7 մլն եվրո՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը
Սևանի սեզոնն ավարտվել է հանգստացողների թողած աղբի նոր տեսարաններով։ Ամռան շոգին երաշտից չորացող այգիների, այս տարի նաև՝ խմելու ջրի պակասի բախվելուց հետո մարդիկ դեռ ինչքա՞ն պետք է նման անխնա վերաբերմունք ցուցաբերեն Կովկասում ամենամեծ քաղցրահամ ջրի մեր ավազանի նկատմամբ՝ զայրացած են բնապահպանները։ Շրջակա միջավայրի փոխնախարարը Սևանի խնդիրներից առանձնացնում է.
Աննա Մազմանյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Աղտոտվածությունն է առաջինը: Մենք կարող ենք անվերջ հավաքենք ափամերձ տարածքները և լիճը մաքրենք, բայց եթե մարդիկ չեն գիտակցում՝ ինչ են անում, այս պրոցեսն անվերջ է տևելու:
Լճի մաքրության ու ամբողջ էկոհամակարգի պահպանության նպատակով մի քանի ամիս է՝ ինչ մեկնարկել է EU4Սևան՝ «Եվրամիությունը՝ Սևանի համար» ծրագիրը։ Փաթեթով նախատեսված 4 տարվա աշխատանքների իրականացմանը Եվրոպական միությունն ու գերմանական GIZ-ը միասին Հայաստանին հատկացնում են 5,7 մլն եվրո։ Գումարը կուղղվի Սևանում ջրի որակից մինչև կենսաբազմազանության ու կառավարման մակարդակի բարելավմանը։
EU4Սևանը հինգ խոշոր նպատակ է սահմանել։ Սևան լցվող գետերի հունը մաքրելու, ափերին ուռենիներ տնկելու առաջին փուլն իրականացվել է։ Ծրագրի այս բաղադրիչը ժամանակավոր եկամուտ կապահովի տեղի մոտ 1000 բնակչի համար։ Մարզում գյուղատնտեսությամբ զբաղվողներին ծրագրի պատասխանատուները կսովորեցնեն կարտոֆիլ կամ կաղամբ աճեցնելիս ինչպես անցնել ջրխնայող կաթիլային ոռոգման, քիմիական պարարտանյութերը փոխարինել օրգանականով, անասնապահության ոլորտում գոմաղբի կուտակման հարցը կարգավորել, որ այդ ամենն անձրևների, ապա և առվակների հետ չլցվեն լիճն աղտոտեն։ Կարևոր թիրախներից է նաև հարակից բնակավայրերում, որտեղ դեռ որոշված չէ, կողուղաջրերի մաքրման կայան հիմնելը։
Ոսկեհատ Գրիգորյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ) - Այս բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է գոնե մեկ մաքրման կայանի առկայություն, քննարկվում է թեպետ մինչև երեքի հնարավորությունը, գոնե մեկը նախատեսվում է ունենալ:
Ըստ Ոսկեհատ Գրիգորյանի՝ մասնագետների խումբը մարզի մի քանի բնակավայրերում արդեն սկսել է ուսումնասիրել՝ կոյուղաջրերի մաքրման ի՛նչ տիպի կայան կառուցելն է ճիշտ։ Փորձագետների մեկ այլ խումբ զբաղված է մոնիթորինգի համար Սևանի մակարդակը, ջրի բաղադրությունն ու մյուս ցուցանիշները պարբերաբար չափող սարքավորումների կարիքը գնահատելով, որ նորացնեն-թարմացնեն տեխնիկան։ Կարևոր մարտահրավերներից է նաև լճի բնապահպանական խնդիրների իրազեկման արշավը՝ ասում են GIZ-ի գրասենյակից։ «Սեր Սևան» նախագիծը մայրուղու գովազդային վահանակներից ու տեսահոլովակներով հոգատարություն կքարոզի ճահճացող-կանաչող մեր լճի հանդեպ։
Սևանի բարիքներով ապրող հարակից համայնքներում սոցիալական խնդիրների լուծմամբ միայն հնարավոր կդառնա լիճը խնայել ձկնագողերից, նաև նվազեցնել ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալները՝ թվարկում է փոխնախարար Աննա Մազմանյանը։ Բնապահպանական գերատեսչությունում վստահ են՝ այս ծրագրով հնարավոր է լինելու վեր հանել Սևանի ամբողջական կարիքներն ու հերթով կարգավորել դրանք։
Հինգերորդ բաղադրիչը կառավարման հմտությունների բարձրացումն է։ Դրա շրջանակում նախատեսվում է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակում, օրենսդրության վերանայում:
Փաթեթը հստակեցնելու է նաև Սևանի ջրերում փտող ու ափերի ռիսկային գոտում հայտնված մաքրման ենթակա անտառաշերտի մակերեսները։ Զուգահեռ՝ կապուտակ լճի ֆոնին կանաչ լանդշաֆտի ապահովման նպատակով նոր անտառ տնկելու առաջարկ անի։













