Պետական դավաճանության գործն այսուհետ կքննվի դռնփակ

ԼԼիլիթ Գասպարյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց պետական դավաճանություն կատարելու համար մեղադրվող ամուսիններ Մայիս Սահակյանի և Ստելլա Սարգսյանի գործով դատական նիստը:

Պաշտպանի բացակայության պատճառով այն մի քանի ամիս է՝ հետաձգվում էր: Նիստը սկսվելուն պես ամբաստանյալ Ստելլա Սարգսյանը հայտարարեց, որ կարդացել է իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթիկը և չի հասկացել՝ առաջարկելով դատավորին այն տող առ տող բացատրել:

Նկատելով, որ ամբաստանյալը վրդովված է՝ դատավորը փորձեց նրա պաշտպանից պարզել, թե ինչ է ուզում ասել Սարգսյանը: Պաշտպանն էլ ասաց՝ Ստելլա Սարգսյանը հուզված է:

Դատավոր Գագիկ Պողոսյան - Մենք չենք եկել այստեղ արցունքներ սրբելու կամ հուզվելու, ամբաստանյալ: Եթե խնդիր ունեք հասկանալ-չհասկանալու հետ՝ կապված ձեր մտավոր ունակությունների հետ, բարձրաձայնեք, որոշեք՝ ինչ անենք:

Ամբաստանյալն ասաց՝ խնդիր ունի, բայց թե ինչպիսի՝ չմանրամասնեց: Ամբաստանյալին հանգստացնելու համար դատարանը ընդմիջում հայտարարեց:

Նիստը վերսկսվելուց հետո Սարգսյանի պաշտպանը դատարանին հայտնեց, որ միջնորդություն ունի, որը պետք է քննարկվի դռնփակ։ Գագիկ Պողոսյանը լրատվամիջոցներին խնդրեց դուրս գալ նիստերի դահլիճից, որից տասը րոպե անց դատական կարգադրիչը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը որոշել է այս գործով նիստերն այսուհետ դռնփակ անցկացնել։

Ըստ մեղադրանքի՝ Մայիս Սահակյանն իր կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն:

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ ամուսինները նախկինում բազմիցս գտնվել են Թուրքիայում:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում