ԱԱրևիկ Աբելյան

Բոլոր պատվաստանյութերն արդյունավետ են. ԵՊԲՀ ամբիոնի դոցենտ

Բոլոր պատվաստանյութերն արդյունավետ են. ԵՊԲՀ ամբիոնի դոցենտ

«Տվյալները խոսում են վարակի ինտենսիվ տարածման մասին. թեստերի քանակը բավականին մեծ է, բայց դրանց դրական արդյունքի տոկոսը ևս մեծ է»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը: Նա նշեց, որ նորման մինչև 3-5 տոկոսն է, բայց մեզ մոտ այն 5-ից բարձր է. հասել ենք 16 տոկոսի:

«Դա նշանակում է՝ գտնվում ենք վարակի բավական բուռն փոխանցման փուլում, ինչը շատ մտահոգիչ է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հիվանդանոցներում դեֆոլտային վիճակ է:

«Մահերի ավելի մեծ թիվ ավելի շատ է գրանցվել, քան պատերազմի ժամանակ: Այսօր հիվանդանոցներում պատերազմի վիրավորների խնդիր չկա, սակայն դեֆոլտի վիճակում ենք, և, ինչպես նախարարը նշեց, մի քանի հարյուր մարդ սպասում է իր հերթին: Եթե հոսպիտալացմանը սպասող մարդ կա, ուրեմն արդեն ունենք դեֆոլտային վիճակ: Սա կարող է բերել տնային մահերի քանակի ավելացման և, հաշվի առնելով այն, որ «դելտա» շտամը շատ ագրեսիվ է, ստացվում է, որ մահաբերությունն ավելանալու է»,- ասաց Բադալյանը:

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն էլ նշեց, որ մենք հաճախ ենք մոռանում  համաճարակաբանական կանոնների մասին:

«Ես խնդրում եմ այն մարդկանց, որոնք գնում են պատվաստման, բուժհաստատության ներսում չմոռանան հակահամաճարակային կանոնների մասին, քանի որ պատվաստման գործընթացն այսօր շատ ինտենսիվ է, հերթեր են գոյանում բուժհիմնարկներում, և ցանկալի է, որ այնտեղ պահպանվեն հակահամաճարակային կանոնները. պատվաստվողները չվարակվեն, և պատվաստման գործընթացը լրացուցիչ ռիսկային գործոն չդառնա»,- ասաց նա:

Անդրադառնալով հղիների դեպքում վարակի առաջացրած խնդիրներին՝ բանախոսը նշեց հետևյալը. «Մենք մահերի առումով տարածաշրջանում առաջատարներից ենք, դա ևս մեկ անգամ վկայում է «դելտա» շտամի ավելի ագրեսիվ ընթացքի և մահաբերության մասին: Եթե մինչև մայիս ամիսը հղիությունը չէր դասվում առավել ռիսկային վիճակների թվին, ապա «դելտա» շտամի առավել ինտենսիվ տարածման և դոմինանտ դառնալու հետ կապված հղիությունը նույնպես դարձավ ռիսկային: Այսօր, ցավոք, մենք ունենք հոսպիտալացված հղիների բավական մեծ թիվ: Հղիության ժամանակ կորոնավիրոսով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման վտանգով և ներարգանդային թոքաբորբով՝ երեխայի մոտ վարակի զարգացումով, որը մինչ այդ նախորդ շտամների ժամանակ այդքան հաճախ չէր լինում»:

Մերի Տեր-Ստեփանյանն էլ ուշադրություն հրավիրեց Long Covid-ի վրա՝ երբ հիվանդությունից հետո 3 ամիս հիվանդների մոտ պահպանվում են ախտանիշները, և որոշ դեպքերում ի հայտ են գալիս նորերը՝ հևոցը, մկանացավերը, հոդացավերը, կոորդինացիայի խանգարումները, հիշողության անկումը, նյարդաբանական տարբեր խանգարումները:

«Ցավոք, չենք կարող խոսել հեռակա ազդեցության մասին, բայց այն, որ վարակն ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա, արդեն ապացուցել են բազմաթիվ հետազոտություններ: Միզասեռական համակարգի կողմից խնդիրներ կան, երիկամների ֆիլտրացիոն ֆունկցիայի նվազում է նկատվել: Սա միայն շնչուղիների վարակ չէ, ազդում է ամբողջ օրգանիզմի և օրգան-համակարգերի վրա, և փոփոխությունները պահպանվում են ամիսների ընթացքում»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե որ պատվաստանյութն է առավել անվտանգ, բանախոսը նշեց, որ բոլոր պատվաստանյութերն անցել են կլինիկական հետազոտոությունների երեք փուլերը, կիրառելի են բնակչության համար, բոլոր պատվաստանյութերն արդյունավետ են, հետպատվաստումային շրջանի ընթացքը օրգանիզմի պատասխանն է:

«Մենք պատվաստանյութերի առումով ունենք լայն շրջանակ, ուղղակի անհրաժեշտ է պատվաստվել՝ անկախ պատվաստանյութի տեսակից»,- ասաց Մերի Տեր-Ստեփանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում