Ավան վարչական շրջանի նորաբաց գյուղմթերքի շուկայում վերավաճառողներ չեն լինի

ԱԱրսեն Մկրտչյան

Լոռեցի ֆերմեր Սուրեն Գրիգորյանը արդեն 6 տարի բանջարեղենն աճեցնում է բացառապես օրգանական եղանակով, առանց թունաքիմիկատների: Իր աշխատանքի արդյունքն այսուհետև կներկայացնի նաև Ավան վարչական շրջանում բացված գյուղմթերքի շուկայում: Նորաբաց տոնավաճառը ֆերմերների խնդրանքով տեղակայվել է թաղապետարանի դիմաց՝ ամենաբանուկ հատվածում:

Սուրեն Գրիգորյան (ֆերմեր) - Էս, ինչ տաղավարում կա՝ բրոկոլիից բռնած, բոլորը օրգանական են:

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը տոնավաճառը հանդիսավորությամբ բացելուց հետո շրջեց տաղավարներով, ապա առաջին գնումը կատարեց հենց լոռեցի ֆերմերից:

Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Առաջինը՝ օրգանական ապրանքներ են, սերտիֆիկացված օրգանական արտադրություն է, երկրորդը՝ բարձրարժեք մշակաբույսեր են այստեղ ներկայացված, և դուք գիտեք, որ 2022 թ. արդեն պետական օժանդակությամբ ծրագրերը համալրվել են նոր բաղադրիչով, դրանք հենց բարձրարժեք մշակաբույսերի խթանմանն են ուղղված, և ուրախացա, որ շուկայում փաստորեն աշխուժություն կա:

Նորաբաց տոնավաճառում առաջին օրը ներկա է 42 ֆերմեր՝ հանրապետության տարբեր մարզերից: Նրանց ընտրել է գյուղմթերքի շուկաները համակարգող խորհուրդը:

Հայկ Բաղդասարյան (գյուղմթերքի տոնավաճառների կազմակերպիչ) - Բերում են համայնքապետարանից տեղեկանքներ՝ իրենց մշակության հողի քանակի վերաբերյալ, ինչ մշակաբույսեր են աճեցնում տարվա կտրվածքով: Մենք խորհրդով ուսումնասիրելուց հետո տրամադրում ենք տեղ՝ տոնավաճառից օգտվելու համար շաբաթ-կիրակի օրերին:

Գյուղացիներին անհրաժեշտ գույքով և տաղավարներով ապահովել է էկոնոմիկայի նախարարությունը: Փոխնախարար Խոջոյանը գոհ է առաջին օրվա աշխուժությունից:

Արման Խոջոյան - Քիչ առաջ նկատեցի՝ մեկը մոտեցել էր, ուզում էր ամբողջ քանակը ձեռք բերել, բայց ֆերմերը չվաճառեց, ասեց՝ քիչ-քիչ տանք, բոլորին հասնի:

Տոնավաճառի աշխատանքներից բավարարված են ոչ միայն ֆերմերները, այն հաճելի անակնկալ է դարձել նաև վարչական շրջանի բնակիչների համար:

Երեմ Առաքելյան (ֆերմեր) - Մինչև 120 տեսակի խաղողի տեսականի ունեմ իմ այգում: Այս շուկայի բացվելն իմ համար այնքան ողջունելի է, որ ուրախությունից բերել եմ որպես հյուրասիրություն իմ այգուց ստացված գինին:

Ավանի բնակիչ - Շատ ուրախ ենք, թող լինի: Իհարկե պետք էր, ամբողջ այս Ավանի համար մի հատ նորմալ տեղ չկար, մի հատ շուկա չկար: Շատ լավ գներ են, պատկերացրեք՝ թարմ, կոնկրետ բիբարը հենց էկո էր, տեսքից երևաց, շատ լավն էր:

Գյուղմթերքի շուկայում յուրաքանչյուր շաբաթ և կիրակի ֆերմերների կազմը կփոխվի, նրանց մեջ, սակայն, չեն լինի վերավաճառողներ:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում