Ի՞նչ կտա Standart&Poors վարկանիշային ընկերության գնահատականը ՀՀ-ին

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները «Ստանդարտ էնդ Փուրս»-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ երկրի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ: Կառավարության նիստին այս մասին հայտարարեց ֆինանսների նախարարը: Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ «Ստանդարտ էնդ փուրս» սուվերեն վարկանիշի դրական հեռանկարը փաստում է, որ Հայաստանում տնտեսության վիճակը բարելավվում է, և առաջիկա 12 ամիսների ընթացքում վարկանիշը կարող է էլ ավելի բարձրանալ: «Ստանդարտ ընդ փուրս»-ն ակնկալում է, որ Կառավարության հնգամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի:

Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Այս կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաև մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու և դրա ներքո տեղական և միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ տրված վարկանիշի առավելություններին թե՛ պետության, թե՛ մասնավորի համար:

Նիկոլ Փաշինյան - Տվյալ դեպքում նախ Հայաստանի Հանրապետությունը և նաև այս համատեքստում մասնավոր ընկերությունները, եթե դրսից ֆինանսներ, այսինքն՝ վարկեր ներգրավելու անհրաժեշտություն ունեն, այս վարկավորման արդյունքում իրենք ավելի էժան վարկեր կստանան: Ինչո՞ւ, որովհետև, երբ որ միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպությունները գնահատում են երկիրը՝ որպես հուսալի գործընկեր, այդ պարագայում շուկաներում ավելի ցածր տոկոսով են առաջարկվում նրանց գումարներ:

Նման վարկանիշները հիմնականում ազդակ են օտարերկրյա ներդրողներին, թե ինչ վիճակում է և ինչ հեռանկար ունի տվյալ երկրի և դրա մասնավոր ընկերությունների տնտեսությունը:

Գործադիրի ղեկավարի կարծիքով՝ նիստի ժամանակ քննարկումները վերաբերում են հարցի երևացող կողմին, սակայն կա նաև չերևացող կողմ: Որպեսզի որևէ մասնավոր ընկերություն ստանա վարկանիշ, պետք է լինի թափանցիկ, իսկ Հայաստանում կա մասնավոր ընկերություն, որը կազմակերպությունից վարկանիշ է ստանում:

Նիկոլ Փաշինյան  - Որպեսզի ընկերությունը մաքսիմալ դրական վարկանիշ ստանա, ինքը պետք ա ի ցույց դնի իր ամբողջ պոտենցիալը: Որպեսզի ինքը ի ցույց դնի իր ամբողջ պոտենցիալը, ինքը պետքա ստվերից ամբողջությամբ դուրս գա և գա սպիտակ դաշտ: Սա իր հերթին բերում ա արդեն հարկային վարչարարության պարզեցման, սա իր հերթին բերում ա արդեն այն պրոցեսին, որ մենք վերջին տարիներին ականատես ենք լինում՝ աշխատատեղերի տեղափոխումը ստվերային դաշտից արդեն երևացող դաշտ, սա բերում ա պետական եկամուտների լրացուցիչ աճի, սա մեծացնում է պետության հնարավորությունը, Կառավարության հնարավորությունը, սա մեծացնում է քաղաքացիների և մասնավոր հատվածի հնարավորությունը:

Վարչապետն ընդգծեց, որ Կառավարությունը պետք է աշխատի այն պոտենցիալ ընկերությունների հետ, որոնք կարող են վարկանշավորվել և աջակցի նրանց:
Նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսեց վարկանիշի բարելավման հնարավորությունների մասին:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Էս գործիքով մենք ընդլայնելու ենք վարկանշավորման գործընթացը, ավելի փոքր, ոչ այդքան խոշոր ընկերությունների մեջ: Նաև զուգահեռ աշխատում ենք մասնավոր ընկերությունների հետ, կարծում եմ, որ շուտով կմտածենք մեխանիզմ, ոնց խրախուսենք ընկերություններին անցնեն ռեյտինգավորման գործընթաց:

Պետությունը վարկանիշի շնորհման համար որոշակի միջոցներ է ծախսում, սակայն ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի կարծիքով՝ դրանք անհամաչափ փոքր են այն օգուտների համեմատ, որոնք երկիրը ստանում է՝ վարկանիշ ստանալով:

Ներսես Երիցյան (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ) - Այն, որ դրական հեռանկարով է ռեյտինգը, դա նշանակում է, որ ռեյտինգը ավելի բարձր կարող էր լինել կամ հաջորդ փուլում կարող է ավելի բարձր լինել: Լինում է բացասական, կայուն և դրական, դրականից հետո հնարավոր է ակնկալել ռեյտինգի բարելավում: Ու մեր ակնկալիքը նա է, որ մեր մասնավոր հատվածը «Ստանդարտ էնդ փուրս»-ի ռեյտինգներից կարող է օգտվել:

Աշխարհում կա երեք խոշոր վարկանիշային ընկերություն՝ «Ստանդարտ ընդ փուրս», «Մուդիս» և «Ֆիթչ», որոնք երեքն էլ արդեն վարկանիշ են շնորհում Հայաստանին: Այս ընկերություններն ուսումնասիրում են երկրների կամ այդ երկրներում գտնվող մասնավոր ընկերությունների վիճակը, գնահատում ռիսկերը և ըստ այդմ վարկանիշ շնորհում նրանց:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում