Ի՞նչ կտա Standart&Poors վարկանշային ընկերության գնահատականը ՀՀ-ին

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները «Ստանդարտ էնդ Փուրս»-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ երկրի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ: Կառավարության նիստին այս մասին հայտարարեց ֆինանսների նախարարը: Ըստ Տիգրան Խաչատրյանի, «Ստանդարտ էնդ փուրս» սուվերեն վարկանիշի դրական հեռանկարը փաստում է, որ Հայաստանում տնտեսության վիճակը բարելավվում է և առաջիկա 12 ամիսների ընթացքում վարկանիշը կարող է էլ ավելի բարձրանալ: «Ստանդարտ ընդ փուրս»-ն ակնկալում է, որ կառավարության հնգամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի:

Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Այս կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը, հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաև մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու և դրա ներքո տեղական և միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ տրված վարկանիշի առավելություններին, թե պետության, թե մասնավորի համար:

Նիկոլ Փաշինյան - Տվյալ դեպքում նախ Հայաստանի Հանրապետությունը և նաև այս համատեքստում մասնավոր ընկերությունները, եթե դրսից ֆինանսներ այսինքն վարկեր ներգավվելու անհրաժեշտություն ունեն, այս վարկավորման արդյունքում իրենք ավելի էժան վարկեր կստանան: Ինչո՞ւ, որովհետև, երբ որ միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպությունները գնահատում են երկիրը, որպես հուսալի գործընկեր, այդ պարագայում շուկաներում ավելի ցածր տոկոսով է առաջարկվում նրանց գումարներ:

Նման վարկանիշները հիմնականում ազդակ են օտարերկրյա ներդրողներին, թե ինչ վիճակում է և ինչ հեռանկար ունի տվյալ երկրի և դրա մասնավոր ընկերությունների տնտեսությունը:

Գործադիրի ղեկավարի կարծիքով՝ նիստի ժամանակ քննարկումները վերաբերում են հարցի երևացող կողմին, սակայն կա նաև չերևացող կողմ: Որպեսզի որևէ մասնավոր ընկերություն ստանա վարկանիշ, պետք է լինի թափանցիկ: իսկ Հայաստանում կա մասնավոր ընկերություն, որը կազմակերպությունից վարկանիշ է ստանում:

Նիկոլ Փաշինյան  - Որպեսզի ընկերությունը մաքսիմալ դրական վարկանիշ ստանա, ինքը պետքա ի ցույց դնի իր ամբողջ պոտենցիալը: Որպեսզի ինքը ի ցույց դնի իր ամբողջ պոտենցիալը, ինքը պետքա ստվերից ամբողջությամբ դուրս գա և գա սպիտակ դաշտ: Սա իր հերթին բերումա արդեն հարկային վարչարարության պարզեցման, սա իր հերթին բերումա արդեն այն պրոցեսին, որ մենք վերջին տարիներին ականատես ենք լինում՝ աշխատատեղերի տեղափոխումը ստվերային դաշտից արդեն երևացող դաշտ, սա բերումա պետական եկամուտների լրացուցիչ աճի, սա մեծացնում պետության հնարավորությունը, կառավարության հնարավորությունը, սա մեծացնում է քաղաքացիների և մասնավոր հատվածի հնարավորությունը:

Վարչապետն ընդգծեց, որ Կառավարությունը պետք է աշխատի այն պոտենցիալ ընկերությունների հետ, որոնք կարող են վարկանշավորվել և աջակցի նրանց:
Նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսեց վարկանիշի բարելավման հնարավորությունների մասին:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Էս գործիքով մենք ընդլայնելու ենք վարկանշավորման գործընթացը, ավելի փոքր, ոչ այդքան խոշոր ընկերությունների մեջ: Նաև զուգահեռ աշխատում ենք մասնավոր ընկերությունների հետ, կարծում եմ, որ շուտով կմտածենք մեխանիզմ, ոնց խրախուսենք ընկերություններին անցնեն ռեյտինգավորման գործընթաց:

Պետությունը վարկանիշի շնորհման համար որոշակի միջոցներ է ծախսում, սակայն ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի կարծիքով՝ դրանք անհամաչափ փոքր են այն օգուտների համեմատ, որոնք երկիրը ստանում է վարկանիշ ստանալով:

Ներսես Երիցյան (ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ) - Այն, որ դրական հեռանկարով է ռեյտինգը դա նշանակում է, որ ռեյտինգը ավելի բարձր կարող էր լինել կամ հաջորդ փուլում կարող է ավելի բարձր լինել: Լինում է բացասական, կայուն և դրական, դրականից հետո հնարավոր է ակնկալել ռեյտինգի բարելավում»: Ու մեր ակնկալիքը նա է, որ մեր մասնավոր հատվածը «Ստանդարտ էնդ փուրս»-ի ռեյտինգներից կարող է օգտվել

Աշխարհում կա երեք խոշոր վարկանիշային ընկերություն՝ «Ստանդարտ ընդ փուրս», «Մուդիս» և «Ֆիթչ», որոնք երեքն էլ արդեն վարկանիշ են շնորհում Հայաստանին: Այս ընկերություններն ուսումնասիրում են երկրների կամ այդ երկրներում գտնվող մասնավոր ընկերությունների վիճակը, գնահատում ռիսկերը և ըստ այդմ վարկանիշ շնորհում նրանց:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում