Եզդիաբնակ Ֆերիկի խնդիրները և ավագանու անդամի թեկնածուների ծրագրերը

ՀՀայկուշ Ասլանյան

Եզդիաբնակ Ֆերիկում տարազով կին չես գտնի: Ազգային հագուստը պահում են հատուկ օրերի համար: Պարտադրանք էլ չկա, ինչպես նախկինում: Եզդի կանայք հիմա ավելի ինքնուրույն են:

Ասյա Քոչոյան (Ֆերիկ համայնքի բնակիչ) - Առաջ ստիպում էին՝ գլխաշոր կապեք, տարազ հագեք, հիմա նման բան չկա:

Հասան Խուդոյան (Փիր) - Ասենք-չասենք՝ հագնում են: Կարծրատիպը երիտասարդ եզդիներն են կոտրել: Նաև թատրոն են հիմնել. բեմ են բարձրանում ոչ միայն իրենք, այլև տարեց եզդիները: Դերասաններից երկուսը՝ Զոհրաբն ու Մաջիթը, նաև տեղական ինքնակառավարման ոլորտում են փորձում հաստատվել:

Մի քանի օրից եզդիաբնակ գյուղը ավագանի է ընտրելու: Առաջադրվել են նաև դերասան ընկերները: Եթե ընտրվեն՝ գիտեն՝ ինչից են սկսելու:

Զոհրաբ Շաղոև (ավագանու անդամի թեկնածու) - Նախակրթարան ենք բացելու, խաղահրապարակ, որ երեխաները զբաղմունք ունենան: Գյուղից երեխաներ կլինեն, կտանենք՝ կզբաղվեն:

Քարոզարշավ չեն անում: Ասում են՝ դրա կարիքը չկա: 54 տնտեսություն ունեցող համայնքում բոլորը մի ընտանիքի պես են, գիտեն՝ ում ինչի համար քվե տալ:

Մաջիթ Շամոյան (ավագանու անդամի թեկնածու) - Սաղ մեր ընկերներն են, հարևաննները, տենց բան չկա, որ քարոզարշավ անենք:

Բայց ֆերիկցին պահանջներ ունի և բազմաթիվ խնդիրներ, որոնք անցյալից են ժառանգել: Ո՛չ մանկապարտեզ ունեն, ո՛չ այգի, ոչ էլ մշակույթի կենտրոն: Կենտրոնի երբեմնի շենքում նաև գյուղապետարանն էր: Բայց քանի որ շենքը 4-րդ կարգի վթարային է, գյուղապետարանը տեղափոխվել է համագյուղացիներից մեկի առանձնատան առաջին հարկ:

Ցանկություն կա 2-րդ հարկն էլ ակումբի վերածել և երեխաներին երգ ու պար սովորեցնել: Բայց տան սեփականատիրոջ թույլտվությունն է պետք: Նա էլ արտերկրում է ապրում: Ֆերիկում նույնիսկ խանութ չկա: Առևտրի համար գյուղացիներն այլ համայնքներ են գնում:

Ըստ ավագանու թեկնածուների՝ ճանապարհն ու ոռոգման ջուրն են առաջնային, բայց դրանք էլ մեծ փողերի հետ են կապված: Իսկ Ֆերիկի բյուջեն ընդամենը 9 մլն դրամ է: Ոռոգման կիսախողովակաշար կառուցելու սուբվենցիոն ծրագիր են ներկայացրել: 10 տոկոս մասնակցություն է պետք: Դա էլ չունեն:

Ռուստամ Հասանյան (Ֆերիկ համայնքի ղեկավար) - 10 հազար դոլարանոց ծրագիր, 10 հազարը մենք պետք է ներդնենք, բայց չունենք, ունենք 4 հազար:

Համայնքների խոշորացման ծրագրում Ֆերիկը ներառված չէ: Ավագանու թեկնածուները հույս ունեն՝որպես ազգային փոքրամասնություն, արժանանալ կառավարության ընդգծված վերաբերմունքին: Ձգտելու են, որ եզդիաբնակ գյուղը դուրս չմնա պետական ծրագրերից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում