ԳԳոհար Սարգսյան

Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը

Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը

ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այդ նպատակով այսօր Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը:

Հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներ և ԱՊՀ անդամ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ներկայացուցիչներ։

Նիստի որոշ մասնակիցներ հանդիպմանը միացել են տեսակապի միջոցով։ Նիստը վարել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Ողջունում եմ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստի մասնակիցներին: Մենք շատ ուրախ ենք տեսնել բոլորիդ Հայաստանում:

Վստահ եմ, որ հանդիպումը կանցնի կառուցողական դաշտում, կնպաստի մեր գերատեսչությունների միջև համագործակցության հետագա խորացմանը և ամրապնդմանը»,- նշել է նախարարի տեղակալը։

Հանդիպման օրակարգում ներառված էր շուրջ 20 հարց։ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 2020 թ. հոկտեմբերի 21-ի նիստի որոշումների կատարման մասին զեկուցել է խորհրդի քարտուղարության ղեկավար, ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են հումանիտար և սոցիալ-տնտեսական, ինչպես նաև մասնագիտական կրթության ոլորտներում կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղություններով ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպությունների գործունեության և զարգացման հեռանկարները։ Խորհուրդը դրական է գնահատել բազային կազմակերպությունների գործունեությունը և առաջարկել է աջակցել վերոնշյալ ոլորտներում ուսանողական օլիմպիադաների ու մրցույթների, կրթական ծրագրերի խթանման նպատակով միջոցառումների անցկացմանը, ԱՊՀ տարածքում ուսանողների և գիտամանկավարժական աշխատողների փոխանակմանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների համալսարանների միջև համագործակցության ընդլայնմանը։

Քննարկվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպության ստեղծման հարցը` բարձր որակավորում ունեցող լրագրողների պատրաստման և վերապատրաստման նպատակով։ Հաջորդ հարցերը վերաբերել են ԱՊՀ տարածքում բարձրագույն կրթության որակի ապահովման առումով միասնական չափանիշների մշակման առաջարկին, ինչպես նաև մանկավարժական վարպետության միջազգային փառատոնի անցկացմանը։

Անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտում Անկախ պետությունների համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության երրորդ փուլի (2016-2020թթ.) արդյունքներին, ԱՊՀ համագործակցության հետագա զարգացման հայեցակարգի իրականացման հիմնական միջոցառումների ծրագրին, ինչպես նաև կրթության ոլորտում նորմատիվ-իրավական բազայի վերլուծության հարցերին։

Քննարկվել են նաև COVID-19 համավարակի հետևանքները հաղթահարելու նպատակով կրթության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների փոխգործակցության և ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու մանկավարժների VII համագումարի վերաբերյալ հարցեր։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը շուտով կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման, որն էլ իր հերթին ավելի լայն հնարավորություններ կընձեռի ԱՊՀ տարածքում ուսանողների և դասախոսների փոխանակման տեսանկյունից։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանն այսօր հյուրընկալել է ԱՊՀ երկրների մեր գործընկերներին, որը կազմակերպվել է բարձր մակարդակով։ Ի դեպ, ՀՀ 2020-2021 թվականների երիտասարդական մայրաքաղաք Կապանում հոկտեմբերի 11-13-ը կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը:

Այս ամենով մենք նոր շունչ ենք հաղորդում ԱՊՀ տարածքում ԿԳՄՍ ոլորտներում համագործակցությանը»,- շեշտել է նախարար տեղակալը։

ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, քաղաքական և սոցիալական հիմնախնդիրների վարչության խորհրդական Գալինա Կազակն իր գոհունակությունն է հայտնել նիստի՝ բարձր մակարդակով անցկացման վերաբերյալ։ «Անցյալ տարի որոշում կայացվեց, որ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնում է Հայաստանը։

Նշեմ, որ այս տարին բավականին արդյունավետ էր․ բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց, և բազմաթիվ աշխատանքներ են կատարվել։ Այսօրվա նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, և դրվել են կոնկրետ խնդիրներ՝ կրթության ոլորտում ԱՊՀ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։

Քննարկել ենք նաև, թե ինչպես են իրագործվում ԱՊՀ ղեկավար մարմինների որոշումները և նախանշել հետագա համագործակցության ուղիները»,- նշել է Գալինա Կազակը՝ հավելելով, որ նիստի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2022 թվականին այլ երկրի փոխանցելու հարցով։

Նիստի ավարտին կստորագրվի նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստի թիվ 9 արձանագրային որոշումը։

Նշենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի կանոնակարգի համաձայն` խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում