ԱԱննա Ավետիսյան

Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում բացվել են զգայական, խոհարարական սենյակներ և մարզախաղահրապարակ

Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում բացվել են զգայական, խոհարարական սենյակներ և մարզախաղահրապարակ

Չեխիայի հանրապետության, ՀՀ-ում Չեխիայի հանրապետության դեսպանատան և Rotary Club of Yerevan-International ակումբի համաֆինանսավորմամբ Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում իրականացվել է 25 000 դոլար արժողությամբ ծրագիր: Ծրագրի արդյունքում դպրոցում բացվել է զգայական սենյակ՝ համապատասխան կահավորմամբ, խոհարարական սենյակ՝ գույքով և խոհանոցային լավագույն տեխնիկայով, խաղահրապարակ՝ մարզասարքերով և հաճելի ժամանցի միջավայրով:

 

Ինչպես հայտնում են Լոռու մարզպետարանից, ծրագրի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Rotary Club of Yerevan-International ակումբի նախագահ Վահագն Նազարյանը, Սպիտակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, մարզային և համայնքային պաշտոնաատար այլ անձինք:

 

«Շնորհակալ ենք Չեխիայի Հանրապետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար: Զգացված ենք, որ տեղեկանալով դպրոցի խնդրին՝ պատրաստակամություն եք հայտնել աջակցել դրանց լուծմանը»,- իր խոսքում ընդգծել է Լոռու մարզպետի տեղակալը:

 

Շնորհիվ ծրագրի՝ նաև ներառական կրթություն իրականացնող այս դպրոցում սովորողների համար արդեն առկա են միջավայրային անհրաժեշտ պայմաններ, որոնք կնպաստեն երեխաների ուսումնավերականգնողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

 

«Շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար, այս դպրոցը հայ-չեխական լավ բարեկամության վառ օրինակն է: Դպրոցի գործունեությանը հաջողություններ և վերելք եմ ցանկանում: Սա մեր միասնական աշխատանքի արդյունքն է, և ապագայում էլ կփորձենք մեր ուշադրության կենտրոնում պահել դպրոցը և աջակցել զարգացման ծրագրերին»,- նշել է Բեդրիխ Կոպեցկին:

 

Միջոցառմանը դպրոցը ներկայացնում էր կրթության առանձնահատուկ կարիքներով իր սաներից մեկի՝ Հարութ Սիմոնյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Դպրոցն այսօր ունի 415 աշակետ, որոնցից 13-ն ունեն կրթության առանձնահատուկ կարիքներ:

 

Հիշենցնենք, որ Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը կառուցել են չեխ շինարարները 1990 թվականին, և չեխ բարեկամները տարիներ ի վեր օգնում են դպրոցին ամենատարբեր հարցերում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում