ԱԱրման Գալոյան

Կրթության միջոցով մեր երկիրը պիտի հաղթահարի իր առջև ծառացած բոլոր դժվարությունները. Փաշինյան

Կրթության միջոցով մեր երկիրը պիտի հաղթահարի իր առջև ծառացած բոլոր դժվարությունները. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուսուցչի օրվա կապակցությամբ հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

«Սիրելի՛ ուսուցիչներ,

շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով, իմ գնահատանքն ու հարգանքն եմ արտահայտում ձեր մասնագիտությանը և առաքելությանը: 

Բազմաթիվ ուսուցիչներ Հայաստանում, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, նվիրված են եղել և շարունակում են նվիրված լինել մասնագիտությանը, ասել է, թե աշակերտին, ապագային ու երկրին: Եւ այդ նվիրվածության արդյունքը մենք այսօր տեսնում ենք բազմաթիվ քաղաքացիների հաջողությունների ու նվաճումների տեսքով: 

Ուսուցչի մեծագույն առաքելությունը ոչ միայն կոնկրետ գիտելիք փոխանցելն է, այլև սովորել սովորեցնելը, իմանալու, կարողանալու, սովորելու կարևորությունը աշակերտին ի ցույց դնելը, սովորելը մարդու համար կենսական անհրաժեշտություն դարձնելը և հենց սա ենք նկատի ունեցել Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ սովորելը ազգային կենսակերպ դարձնելու խնդիրը: 

Այդ խնդրի արդյունավետ լուծման համար է, որ ընդունել ենք նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչները, գործարկել ենք մանկավարժական կադրերի կամավոր ատեստավորման համակարգը: Արդյունքում իրենց որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձն առաջին փուլում կբարձրանա 30-50 տոկոսով: Շարունակական այս գործընթացի արդյունքներով մենք կերաշխավորենք, որ մեր դպրոցներում դասավանդեն բարձրորակ մանկավարժներ՝ միևնույն ժամանակ լուծելով ուսուցչի նյութական ապահովվածության հարցը: 

Այդ խնդրի լուծման համար է, որ նպատակադրվել ենք առաջիկա հինգ տարվա ընթացում 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցել, վերակառուցել կամ հիմնանորոգել, մեր բոլոր դպրոցները ապահովել ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներով: 

Մենք խորապես համոզված ենք, որ կրթությունն է այն գործիքը, որի միջոցով մեր երկիրը պիտի հաղթահարի իր առջև ծառացած բոլոր դժվարությունները և թույլ տվեք պնդել, որ մեր այսօրվա բոլոր դժվարությունները որևէ կապ ունեն կրթության ոլորտում մեր երբևէ ունեցած խնդիրների հետ: 

Սիրելի ուսուցիչներ, 

Այսօր դուք կանգնած եք մեր ապագայի առաջնագծում և կառավարությունն ամեն ինչ կանի ձեր թիկունքն ամուր պահելու համար, որպեսզի մեր երեխաների առաջ կարողանաք ընդարձակ բացել իմացության ու կարողության, ասել է թե երջանիկ ապագայի դռները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առիթով»,- ասված է երկրի վարչապետի ուղերձում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում