ԳԳոհար Սարգսյան

Նվազագույն կենսաթոշակի և սոցիալական նպաստների ավելացում, ծնելիության խթանում. Թունյանը թվարկել է 2022-ի բյուջեի ծրագրերը

Նվազագույն կենսաթոշակի և սոցիալական նպաստների ավելացում, ծնելիության խթանում. Թունյանը թվարկել է 2022-ի բյուջեի ծրագրերը

2022 թվականի պետական բյուջեի նախագծով հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը ու մանրամասնել միջոցառումները: 

«Ջրամբարաշինության նոր ծրագրերի իրականացում: Արդյունքում ունենալու ենք ջրային ռեսուրսների լրացուցիչ պաշար և ջրային հոսքերի կառավարման արդյունավետ համակարգ։ Տարվա ընթացքում նախագծվելու է 15 նոր ջրամբար, և սկսվելու է դրանց կառուցումը:

Միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի նորոգման, հիմնանորոգման և որակի շարունակական բարձրացման աշխատանքները, որոնց արդյունքում կունենանք շուրջ 500 կմ վերանորոգված ճանապարհ, որից 420 կմ հիմնանորոգում և 80 կմ միջին նորոգում:

Ծնելիությունը խթանելու նպատակով ամսական 50 հազ․ դրամի չափով դրամական աջակցության սահմանումը, որը 2022 թվականի հունվարի 1-ից հետո կնշանակվի ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ և կշարունակվի վճարվել մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը:

Նվազագույն կենսաթոշակի և սոցիալական նպաստների ավելացումները, որոնց արդյունքում նախատեսվում է բարձրացնել ավելի քան 12200 աշխատանքային կենսաթոշակառուների, շուրջ 5200 զինվորական կենսաթոշակառուների կենսաթոշակների և 74720 նպաստառուների նպաստների չափերը՝ ապահովելով ծայրահեղ աղքատության գծից բարձր մակարդակ, իսկ շուրջ 8000 հաշմանդամ երեխաների դեպքում էականորեն կբարձրանա նրանց ընտանիքներին տրամադրվող պետական աջակցության չափը:,

Գիտության պետական ֆինանսավորման զգալի ավելացումը, որն ուղղվելու է ինչպես գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, այնպես էլ գիտական ենթակառուցվածքների զարգացմանը:

Դպրոցներում և մարզադահլիճներում շինարարական և նախագծման աշխատանքների իրականացումը, այդ թվում փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման համար:

Տասը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում շինարարական և նախագծման աշխատանքների իրականացումը:

Մանկապարտեզներում շինարարական աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ մոդուլային տիպի մանկապարտեզների համար:

Մարզային առողջապահական կազմակերպությունների շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման աշխատանքները:

Թվով 5 մարզադպրոցներում շինարարական աշխատանքների իրականացումը:

Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների շրջանակներում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների շենքերի կառուցման աշխատանքները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների շենքերի կապիտալ վերանորոգման աշխատանքները:

Պարեկային ծառայության հաջորդիվ ներդրումը ՀՀ ամբողջ տարածքում՝ պահպանելով կադրերի ընտրության ու կրթության բարեփոխված կարգն ու մոտեցումները»,- գրել է Թունյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում