11 նահատակ մեկ գյուղից. 44-օրյա պատերազմի տարելիցը Ակնալիճ գյուղում

ՀՀայկուշ Ասլանյան

11 նահատակ մի գյուղից: Այսօր նրանց անուն առ անուն հիշեցին հայրենի Ակնալիճում: Չխնայելով իրենց՝ տղաները զենք վերցրին հայրենիքը փրկելու համար: Ժամկետային Սասուն Մովսիսյանը գյուղի առաջին զոհն էր՝ ճիշտ հորեղբոր՝ Արամի պես: Նա էլ առաջինը մարտիրոսվեց 92 թվականին:

Հիմա երկուսով կողք կողքի են՝ Ակնալճի զինվորական գերեզմանոցում: Սասունի հերոսական մահը հոր աչքի առաջ է եղել: Սևակը կամավորագրվել էր որդու կողքին կռվելու համար:

Սևակ Մովսիսյան (Սասուն Մովսիսյանի հայրը) - Մեծ ռակետ էր, իրար կողքի էինք, տղաս ասաց՝ քեզ կանչում են, մի քանի քայլ արեցի, մի շինություն կար, մտա ու ռակետը տրաքեց, մինչև դուրս եկա...

Զոհվածներից 3-ը ժամկետային զինծառայողներ էին, 8-ը՝ կամավորականներ: Նրանց հիշատակի համար՝զինվորական կարգով ու հոգևոր օրհնությամբ գյուղում խաչքար-հուշարձան բացվեց:

Սայաթ Գալստյան (Էրիկ Գալստյանի հայրը) - Երեխաներն իրենց կյանքը տվեցին, գոնե հիմա խաղաղություն լինի, ոչ մեկը ցավ չտեսնի:

Արցախի պետական սահմանները պաշտպանելիս ցուցաբերած քաջության համար տղաները հետմահու արժանացան մարտական ծառայության մեդալի:

Ոչ միայն զինգրքույկը, Սամվել Գալստյանը նաև իրենից անբաժան խաչն էր ցույց տվել ընկերոջն ու ասել՝ անհրաժեշտության դեպքում մարմինը դրանցով գտնել: Հիմա Սամվելի և նրա զոհված ընկերների մարտական ու անձնական իրերը տեղ են գտել մեկ այլ նահատակի՝ Արա Հարությունյանի անունը կրող դպրոցի Փառքի սրահի պատին:

Զոհվածների ընտանիքները դժվարությամբ, բայց համաձայնել են որոշ մասունքներ տրամադրել թանգարանին:

Սվետա Մարտիրոսյան (Ակնալճի դպրոցի պատմության ուսուցչուհի) - Դժվար էր ծնողների համար, բայց հասկացան, որ Փառքի սրահ պետք է ունենալ, որ հիշվեն մեր տղաները, իսկ երեխաները դաստիարակվեն նրանց օրինակով:

Փառքի սրահի պատին Գալստյան ընտանիքից երեք տղամարդու նկար կա: Պապը՝ Վարդգես Գալստյանը՝ Արցախյան առաջին, իսկ Էրիկ և Վարդգես թոռները 44-օրյա պատերազմների զոհերից են: Վարդգեսի 2-րդ երեխան ծնվել է նրա մահից հետո: Մայրը խաղաղություն է ուզում:

Արշալույս Հայրապետյան (Վարդգես Գալստյանի մայրը) - Ես կցանկանայի այսքան կորուստներից հետո նման արհավիրք էլ չտեսնել: Պետք է պայքարենք խաղաղության համար, ինչպես պայքարեցին մեր երեխաները, ընկան, որ ապրենք խաղաղ երկնքում:

Ակնալիճը հերոսական գյուղ է: Պատերազմի օրերին մինչև 50 տարեկան տղամարդիկ ռազմաճակատ էին մեկնել: Գյուղում մնացել էին միայն տարեցները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում