«Դելտա» շտամով վարակվելու դեպքում հոսպիտալացման կարիք ավելի շատերն են ունենում

ԳԳոհար Սարգսյան

Կոկորդի ցավ, քթից արտահոսք, գլխացավ. սա կորոնավիրուսի «Դելտա» շտամի հետևանքով առաջացած հիվանդության ախտանշանների ոչ ամբողջական ցանկն է:

Եթե նոր կորոնավիրուսը հայտնվելու սկզբնական շրջանում հիվանդությունը մեծամասամբ ընթանում էր առանց արտահայտված ախտանշանների, դելտա շտամի դեպքում վարակն իրեն զգացնել է տալիս:

Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ)- Յուրաքանչյուր նոր ալիքին զուգընթաց մենք դիտարկեցինք, որ կլինիկական ընթացքը շատ ավելի ծանրանում է, տարիքային խումբն էլ ավելի երիտասարդանում:

Մասնագետները փաստում են՝ դելտա շտամը կրկնակի արագ է տարածվում. մեկ անձը վարակում է միջինում 8 հոգու: Կորոնավիրուսի այս տարատեսակը ավելի ագրեսիվ է, հիվանդությունն էլ հաճախ ավելի կտրուկ է զարգանում:

Եվ որքան էլ աշխարհն արդեն գրեթե երկու տարի ապրում է նոր կորոնավիրուսի հետ, դրա վարքագծի վերաբերյալ անորոշությունները շարունակում են պահպանվել, ու հաստատուն ոչինչ չկա:

Առողջապահության նախարարության մասնագետ Ռոմելա Աբովյանը նշում է՝ որևէ հստակ բան ասել հնարավոր չէ, քանի որ վիրուսը շատ արագ մուտացվում է, նոր շտամներ են ի հայտ գալիս, դրանք էլ իրենց հերթին բերում են նոր մարտահրավերներ: Բայց երբ առողջապահության ոլորտի պատասխանատուները այսպիսի հայտարարություններ են անում, հանրության շրջանում հարց է առաջանում՝ եթե այդքան բան դեռ անորոշ է, ինչպես կարող եք պնդել, որ հիվանդության դեմ առաջարկվող պատվաստումները արդյունավետ են, ու չեն հանգեցնի այն բացասական հետևանքներին, ինչի մասին այդքան խոսվում է:

Նմանօրինակ հարցերին Ռոմելա Աբովյանը պատասխանում է:

Ռոմելլա Աբովյան- Պատվաստանյութերը անկախ նրանից՝ վիրուսը նոր է, թե ինչ, անցնում են համապատասխան փորձարկումներ անվտանգության և որակի տեսանկյունից, այսինքն՝ փաստվում, որ տվյալ պատվաստանյութը մարդու առողջության համար վտանգավոր չէ, բայց տարիներ են պետք հասկանալու համար, թե տվյալ պատվաստանյութը ինչքան կարող է պահել իմունիտետը, արդյոք կարող է լինել այնպիսի պատվաստանյութ մոտ ապագայում, որը նախորդ վարակիչ հիվանդությունների պես մեկ անգամ պատվաստվելուց կարող է ամբողջությամբ բարձրացնել իմուն համակարգը և կանխել վիրուսի տարածումը :

Ամենամեծ քովիդ կենտրոններից մեկը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը, 120 մահճակալային ֆոնդ ունի:

Բոլոր մահճակալները զբաղված են, ընդ որում՝ արդեն երկու շաբաթ շարունակ:
Ու եթե նախկին շտամների դեպքում այս բաժանմունք ընդունվում էին հիմնականում 60-70-ից բարձր տարիքի անձինք, հիմա հիվանդների մեծ մասը 25-60 տարեկան են:

Գրիգոր Մանուչարյան (Վերականդենացման բաժանմունքի վարիչ)- Դելտա շտամը շատ ավելի ագրեսիվ է, շատ ավելի ծանր ընթացքով է ընթանում հիվանդությունը և ցավոք սրտի խոցելի խումբ են դարձել երիտասարդները: Եթե նախկին շտամների ժամանակ երիտասարդների մոտ ավելի քիչ էին հանդիպում արագընթաց ու ծանր թոքաբորբեր, ապա դելտա շտամի պարագայում շատ ավելի շատ է թոքերի ախտահարումը, որոնք ընթանում են ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքով:

Գրիգոր Մանուչարյան- Իսկ ինչ ասել է արագընթաց թոքաբորբ: Օրինակ կարո՞ղ է այսօր թոքերի տասը տոկոսն ախտահարված լինել, վաղը՝ 80: Ցավոք սրտի այո, որովհետև լինում են դեպքեր, երբ հիվանդը ընդունվում է 10-15 տոկոս, սակայն 1-2 օրվա ընթացքում 80,90 տոկոս, դառնում են ծանր կամ ծայրահեղ ծանր պացիենտներ:

Սա էլ իր հերթին բնականաբար նշանակում է, որ արագորեն նվազում է մարդու կյանքը փրկելու հավանականությունը:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում