Զորավարժություն՝ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ

ՄՄուշեղ Իսախանյան

Կրակոց, պայթյուններ, հարձակումներ ու հակագրոհներ. իրական է ամեն ինչ՝ բացի հակառակորդից, թշնամին պայմանական է: Մարտի դաշտում ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումն է: Սցենարի համաձայն՝ հետախուզական խմբերը հարձակվում են թշնամական դիրքի ուղղությամբ:

Գրագետ գործողություններ, հմուտ անձնակազմ, հակառակորդը կենդանի մնալու շանս չունի: Ամեն քայլ հաշվարկած է, պետք է գրոհել, ճնշել հակառակորդի ուժերը, գրավել խրամատը:

Զորավարժարանում մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններ են: Վարժանքի տվյալ հատվածում մեր հատուկջոկատայինները հարձակողական մարտավարությամբ են կռվում: Սցենարը բարդերից է՝ դարանակալում, հարձակում, պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտների հայտնաբերում ու ոչնչացում, նպաստավոր դիրքերի զբաղեցում: Ըստ պլանի՝ հատուկջոկատայինները դիրքը գրավելուց հետո կանխում են նաև թշնամու հակագրոհը, օգնում իրենց վիրավոր ընկերոջը:
 
Րոպեներ հետո հրամանատարի բոլոր հրահանգները գերազանց կատարված են: Ոչնչացված է նաև թշնամական դիրքը:

Զորավարժություններն աննախադեպ են առաջին հերթին տարբեր ստորաբաժանումների ներգրավվածության առումով: Պայմանական կռվին մասնակցում են հրետանավորից մինչև հատուկջոկատային:

Անձնակազմի հմտության շնորհիվ մարտական առաջադրանքը արագ կատարված է՝ պայմանական հակառակորդի կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները ոչնչացված են՝ թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ:

Մեկ այլ սցենար էլ արդեն մյուս ուղղությամբ են խաղարկում: Հատուկ նշանակության ստորաբաժանման տղաները դարանակալել են, սպասել թշնամու մեքենային, պայթեցրել այն, ոչնչացրել կենդանի ուժն ու վերցնելով կարևոր փաստաթղթերն ու սպառազինությունը՝ վերադարձել մշտական տեղակայման վայր:

Վերադաս հրամանատարությունն արձանագրում է՝ համագործակցությունը տարբեր ստորաբաժանումների միջև բարձր մակարդակի վրա է, ստորաբաժանումներն արագ են ու դիպուկ, հրամանատարության գնահատականը՝ լավ, բայց ամենակարևոր արձանագրումը մեկն է՝ զորքի մարտական ոգին բարձրակետին է և անկոտրում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում