Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է անողոք պայքարն ապօրինի անտառահատումների դեմ

ԳԳայանե Թամամյան

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է պայքարն ապօրինի անտառահատումների դեմ: Ոլորտի օրենսդրությունն ամբողջությամբ փոխվելու է, առաջին գծում անտառապահներն են: Հենց նրանց հետ է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել՝ բացերն ու անհրաժեշտ փոփոխությունները քննարկելու: Հանդիպումը հատկապես կարևոր է այն պատճառով, որ «Հայանտառի» որոշ աշխատակիցներ ևս այդ խախտողների շարքերում են եղել:

Ով վստահ չէ, որ կկարողանա պահպանել անտառը, կարող է հեռանալ, ով չպահպանի՝ կհեռացվի: Նախարարի պահանջն է անտառապետությունների և անտառտնտեսությունների շուրջ 100 ներկայացուցիչներից:

Ռոմանոս Պետրոսյան, Շրջակա միջավայրի նախարար - Շատ շուտով արդեն անտառների պահպանության և հսկողության համար կունենանք նոր ստորաբաժանում, որոնք կօգնեն տեսուչներին շուրջօրյա հսկողություն իրականացնել, երբևէ նման ծառայություն չի եղել, թեպետ օրենքով նախատեսված է եղել:

Տեխնոլոգիական վերազինում ևս նախատեսվում է: Պետրոսյանի դիտարկմամբ՝ կատարված աշխատանքի արդյունքում վերջին շրջանում խախտումների վերաբերյալ մարզային ոստիկանության վարչություններ հաղորդումներն ավելացել են, բայց դա չի նշանակում, որ ավելացել են դեպքերը:

Ռոմանոս Պետրոսյան - Նախկինում դրանք քողարկվում էին: Խնդիր ենք դրել անտառապետերի առջև, որ ցանկացած խախտում ամբողջական ծավալով ներկայացնեն:

Իսկ ամենամեծ ծավալով խախտումները վերջին շրջանում գրանցվել են պատերազմի օրերին, երբ անտառապահները կամավորագրվել էին ռազմի դաշտ, շատերն առանց հսկողության մնացած անտառները դատարկում էին ծառերից:

Ռոմանոս Պետրոսյան - Մենք դրանք ևս գույքագրել ենք, իրավական գործընթացներ են մեկնարկել:

«Հայանտառի» տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը նշում է՝ Տավուշի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի և այլ տնտեսություններում այս պահին էլ ստուգումներ են, դրանք լինելու են շարունակական:

Պավել Ցուգունյան, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար - Այս տարվա սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ մեր կողմից կազմվել է խախտումների շուրջ 280 ակտ, որից 240-ը վերաբերում է ծառահատումներին: Եթե պատերազմի ժամանակ ծառայություն իրականացնում էինք սահմանին, այսօր սահմանից ներս պետք է իրականանցնել: 

Անտառը եղել է ու դեռ շատերի համար ապօրինի հարստացման աղբյուր է՝ վստահեցնում է նախարարը, շեշտում՝ նրանց անտառից դուրս մղելն առաջնային խնդիր է:

Ռոմանոս Պետրոսյան - Դրանով է պայմանավորված նաև, որ Դիլիջան ազգային պարկի պահպանության պետի մեքենան էին հրկիզել: Դա ուղղված է անտառխախտումների դեմ պայքարը կասեցնելուն:

Նախարարը նշում է՝ օրենսդրական փոփոխությունը չի շրջանցել նաև նրանց, ում համար ծառահատումը սոցիալական խնդիր է լուծում:

Ըստ վիճակագրության 2021 թ. համեմատաբար քիչ անտառհատումներ գրանցվել են Ստեփանավանի, Սևքարի և Կապանի անտառտնտեսություններում, ամենաշատը՝ Թումանյանի, Հրազդանի և Արծվաբերդի անտառտնտեսություններում:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում