ՆՆարեկ Սահակյան

Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է

Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը ամբողջ աշխարհում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին:

Առաջին օգնության համաշխարհային օրվա այս տարվա թեման դպրոցներում առաջին օգնության հասանելիությունն է բոլոր երեխաների համար՝ թե՛ հեռավոր համայնքներում, թե՛ մայրաքաղաքներում՝ «Եղիր հերոս քո դպրոցում և համայնքում» խորագրով։ Երեխաները, ուսուցիչներն ու ծնողները պետք է տիրապետեն այդ գիտելիքներին՝ ավելի պատրաստված, դիմակայուն լինելու, իրենց և իրենց մտերիմներին անհրաժեշտության դեպքում օգնելու համար։

Այդ կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սեպտեմբեր ամսվա ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում և հանրային վայրերում կկազմակերպի իրազեկման միջոցառումներ և ցուցադրական դասընթացներ։ Միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 10-ին Սյունիքում, Լոռիում և Շիրակում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի վնասվածքների պատճառով մահանում է 950 000 երեխա։

  • Այդ մահերի մոտ 90 տոկոսի կամ 830 հազարի պատճառը պատահական վնասվածներն են՝ կենցաղային պատահարներ, ջրահեղձություն, այրվածներ, վթարներ։
  • Տանը և դրա շրջակայքում  հայտնաբերված նյութերը հաճախ թունավորումների պատճառ են դառնում։ Տարեկան թունավորումից մահանում է ավելի քան 45 000 երեխա և դեռահաս, այսինքն՝ օրը շուրջ 123 երեխա։
  • Ճանապարհատրանսպորտային պատահարները 10-ից 19 տարեկան երեխաների մահվան հիմնական պատճառն են։ Ամեն տարի ավելի քան 260 000 երեխա մահանում է ճանապարհներին ստացած վնասվածքներից՝ օրը շուրջ 718 երեխա։ Մոտ 10 միլիոնը ստանում են ոչ մահացու վնասվածքներ։

Արդեն երկար տարիներ է, ինչ Առաջին օգնությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է:

ՀԿԽԸ-ն միակն է երկրում, որ Առաջին օգնության Եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխան դասընթացներ է իրականացնում տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի  համար՝ արտակարգ իրավիճակներից և դժբախտ պատահարներից բնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակով: ՀԿԽԸ Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի մասնագետներն իրականացնում են նաև ԱՕ սպասարկում զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ծրագրեր` ուղղված երեխաների անվտանգ վարքագծի դաստիարակմանը:

Ամեն տարի ամբողջ աշխարհում Ազգային ընկերություններն ուսուցանում են ավելի քան 20 միլիոն մարդու։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանում իրականացնում է ԱՕ բոլոր դասընթացների 83 տոկոսը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում