ԳԳոհար Սարգսյան

ԵՊՀ-ն միանում է «100 տուն Արցախում» նախագծին

ԵՊՀ-ն միանում է «100 տուն Արցախում» նախագծին

ԵՊՀ-ն միանում է Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին և ֆինանսավորում մեկ տան կառուցում:

«100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին:

Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ծրագրին միանալու գաղափարը քննարկվել է ռեկտորատի նիստում և հավանության արժանացել:

«Մենք որոշեցինք, որ համալսարանն անմասն չպետք է մնա այս ծրագրից, և որոշում կայացրինք մեր խնայողությունների հաշվին միանալ նախագծին՝ դրանով ցույց տալով, որ ԵՊՀ-ն մնում է այն համոզմանը, որ Արցախը և արցախահայությունը մշտապես պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»:

Հ. Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՊՀ-ն պետք է ձեռք մեկնի և որոշակիորեն մեղմի այն ցավալի կորուստը, որ տեղի է ունեցել պատերազմի պատճառով. «Թե՛ հայրենասիրական, թե՛ մարդկային և թե՛ այլ արժեքների տեսանկյունից սա շատ կարևոր քայլ է, որ իրականացնում է ԵՊՀ կոլեկտիվը»:

«Մենք մշտական կապի մեջ ենք Արցախի հետ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը վերակենդանանա, Արցախն ապրի ու գոյատևի, և որ արցախահայությունն իրեն երբևէ մենակ չզգա: Այնպիսի խոշոր կառույց, ինչպիսին Մայր բուհն է, չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ մյուս շաբաթվա ավարտին ԵՊՀ պատվիրակությունը կմեկնի Արցախ և կմասնակցի տան հիմնարկեքի արարողությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում