ՊԵԿ-ն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման արդյունքները

ԱԱրևիկ Աբելյան

Արդեն մի քանի օր է՝ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը. ծրագրի նպատակն էր օժանդակել զբոսաշրջությանն առնչվող առանձին ոլորտներին: Միջոցառումն իրականացվել է շուրջ մեկ տարի` նախորդ տարվա հուլիսից մինչև այս տարվա հունիսը ներառյալ: Պետական եկամուտների կոմիտեն ուսումնասիրում էր միջոցառման պոտենցիալ շահառու տնտեսվարողների գործունեության ցուցանիշները, ըստ մշակված բանաձի՝ ամսական դրամաշնորհ տրամադրում կազմակերպություններին։

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Խնդիրը, որը դրված էր, մեծ մասամբ արդեն լուծված է, իհարկե, զբոսաշրջային ծավալները դեռ չեն վերականգնվել և դեռ շատ հեռու են վերականգնված լինելուց: Օգոստոս ամսին ունեցել ենք 150 հազար զբոսաշրջիկ, որը մոտ 30 տոկոս ավելի քիչ է, քան լավագույն օգոստոսին:

Միջոցառումը դրական է ազդել ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների վրա: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ 23-րդ միջոցառման շնորհիվ հաջողվեց մեղմել ոլորտի ամբողջական ճգնաժամը:

Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - 23-րդ միջոցառման նպատակը դա էր, որպեսզի մենք կարողանանք պահպանենք այդ կարողությունները, պահպանենք աշխատատեղերը, որ հետագայում, երբ պահանջարկը սկսի նորից լինել, զրոյից սկսի աճել, մենք կարողանանք այդ պահանջարկը բավարարենք:

Մեխակ Ապրեսյանը նաև միջոցառման բացերն է մատնանշում, կարծում է՝ ծրագիրը հասցեականության ապահովման առումով կատարյալ չէր, առաջարկում է չդադարեցնել միջոցառումը:

Մեխակ Ապրեսյան - Դրա ժամանակը չէ հիմա ավարտելու, որովհետև մենք, այո՛, տեսնում ենք աշխուժություն, տեսնում ենք, որ ոլորտը արթնանալու նշաններ է անում, բայց դա չի նշանակում, որ արդեն ոլորտը վերականգնվել է:

Էկոնոմիկայի նախարարը ծրագրի դադարեցումը հիմնավորված է համարում, ասում է՝ զբոսաշրջային ընկերությունների համար դժվարին փուլն անցյալում է, Հայաստանն արդեն հաղթահարել է այն շեմը, որը վտանգավոր էր ոլորտի համար: Վահան Քերոբյանի համոզմամբ՝ ոլորտի զարգացման համար այս փուլում այլ մոտեցումներ են անհրաժեշտ:

Վահան Քերոբյան - Շատ ավելի կարևոր է կենտրոնանալ ենթակառուցվածքների, բրենդինգի, մարքեթինգի վրա, քան զբոսաշրջային ընկերություններին օգնություն տրամադրելուն:

23-րդ միջոցառման շահառուների ցանկում տուրիստական ընկերություններ են, հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ ու հյուրատներ. ընդհանուր 1421 տնտեսվարող սուբյեկտի տրամադրվել է շուրջ 6 մլրդ դրամի աջակցություն: 

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում