Ավելի քան 2 միլիարդ դրամի ներդրում. Վայոց ձորում սուբվենցիոն 38 ծրագիր է իրականացվում

ՌՌոզա Խաչատրյան

Վիգեն Գասպարյան (Վայքի համայնքապետի տեղակալ) - Փողոցում 21-րդ դարն է, բայց էս գյուղում դեռևս լուսավորություն չկա:

Խոսքը Վայոց ձորի մարզի Վայք խոշորացված համայնքի Ազատեկ բնակավայրի մասին է: 1980-ականների վերջից գյուղում լուսավորություն չկա:

Վիգեն Գասպարյան- Խնդիրներ էին առաջանում գիշերվա ժամերին, ձմեռվա ժամանակ վայրի կենդանիներ էին թափանցում, թափառող շներ և լուրջ խոչընդոտ էին առաջացնում բնակչության համար:

Համայնքում ոչ միայն լուսային ցանց չկար, այլև տարիների ընթացքում անհետացել էին նաև էլեկտրասյուները: Գիշերային խավարից ազատվելու հարցը հատկապես համայնքի լուսավոր երիտասարդներին է անհանգստացրել:

Խաչատուր Սահակյան (Ազատեկ համայնքի բնակիչ) - Երիտասարդությունը շատ մեծ ցանկություն ուներ, որ փողոցները գիշերով լուսավոր լինեին, որ շարժ անելուց լուսավորության տակ շարժվեն, կարևոր բան է էլի գիշերով, գյուղացի են, մեկը հողամաս է ջրում, լուսավորություն է պետք, տարբեր բաների համար պետք է:

Այս տարվա սուբվենցիոն ծրագրերից մեկով հարցը կլուծվի: Գյուղի շուրջ 40 տոկոսը վերջապես գիշերային լուսավորություն կունենա:

Վիգեն Գասպարյան - Այս տարի Ազատեկ բնակավայրում որպես սուբվենցիոն ծրագիր իրականացվում են փողոցային լուսավորության վերականգնման շինաշխատանքները: 70 տոկոսից ավելի կատարվել է: Կառուցվելու է շուրջ 1200 գծամետր փողոցային լուսավորություն, տեղադրվելու են 38 հատ 40 վատանոց լեդ լուսատուներ:

Գյուղում վերջին տարիներին դրական փոփոխություններ բոլորն են զգացել: Խոշորացված համայնքի՝ տարիներով անտարբերության մատնված խնդիրները կամաց-կամաց, բայց վերջնական լուծում են ստանում:

Վիգեն Գասպարյան - Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ ՄԱԿ-ի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ գյուղում վերականգնել ենք աղբահանությունը, տեղադրել ենք շուրջ 10 աղբաման, ստացել ենք տրանսպորտային միջոց, որով իրականացվում է ուղևորափոխադրումները հստակ կանոնակարգված ժամերով:

Վայոց ձորի մարզում նախորդ տարվա 27 ծրագրից 19-ն իրականացվել է, 9 ենթածրագիր տեղափոխվել այս տարի: 2021թ. մարզից ներկայացվել է սուբվենցիոն 39, հաստատվել 38 ծրագիր: Ընդհանուր արժեքը 2 մլրդ 126,3 մլն դրամ է, որից 978,6 մլն դրամը կամ 46,02 %-ը համայնքների ներդրումն է, 1 մլրդ 141,4 մլն դրամը կամ 53,68 %-ը՝ սուբվենցիայի գումարն է, 6,3 մլն դրամը կամ 0,3 %-ը՝ մասնավորի ներդրումը: Ներկա պահին 27 ծրագրերի իրականացման մրցույթներն արդեն կայացել են, 13-ի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մյուս ծրագրերն ընթացիկ կազմակերպական փուլում են:

Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի մանկապարտեզ կառուցվել է 1984 թվականին, սակայն որոշ ժամանակ անց դադարել է գործել ու վերաբացվել միան 2011-ին՝ այն էլ սահմանափակ հնարավորություններով:

Սաթենիկ Ներսիսյան (Գնդեվազի մանկապարտեզի տնօրեն) - Օգտագործում էինք շենքի միայն երկրորդ հարկը, որովհետև առաջին հարկը վերանորոգված չէր: Ամեն ինչ անում էինք, որ երեխաների օրը լուսավոր, հետաքրքիր անցնի, բայց մի տեսակ թերի էր ստացվում, որովհետև միջոցառումների համար մեծ դահլիճ չունեինք, հիմա ունենք:

Հենց այդ դահլիճում վատ եղանակին ֆիզկուլտուրայի պարապմունքներն են անցկացնելու, արդեն բոլոր հարմարություններով գունագեղ հանդերձարան ու լվացքատուն էլ ունեն:

Սաթենիկ Ներսիսյան - Արեցին այնպես, որ մեր վաղվա զինվորն այսօր ապրի ու կրթվի լիարժեք պայմաններում: 

Ասֆալտապատվել է նաև մանկապարտեզի բակը: Ծրագրի ընդհանուր արժեքը 9 միլիոն 686 հազար դրամ է՝ 35% համայնքի համաֆինանսավորմամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում