Սեզոնային զբաղվածության ծրագրեր խոցելի և նպաստառու ընտանիքների համար

ՌՌոզա Խաչատրյան

Խաժակը ցույց է տալիս Սասունիկում իր մշակած խաղողի այգին ու պարծենում՝ այս տարի նախորդ տարվանից մի քանի տոննայով ավելի շատ բերք է ստանալու: Այգին մշակել է՝ մասնակցելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սեզոնային զբաղվածության ծրագրին:

Ժորա Սարգսյան (ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Ծրագիրն իրականացվում է առավել խոցելի և նպաստառու ընտանիքների համար, եթե ունեն մինչև 3 հա հողատարածք և ցանկանում են ինչ-որ մշակաբույսերի մշակությամբ զբաղվել: Պետությունը յուրաքանչյուր օրվա համար 4 հազար դրամ է վճարում, որ իրենք այդ աշխատանքները կարողանան իրականացնել:

Խաժակին՝ որպես բազմազավակ հոր ու 44-օրյա պատերազմի մասնակցի, համայնքապետարանն է ծրագրի մասին տեղեկացրել: 3 երեխաների հայրը իր այգում կատարած ամեն օրվա աշխատանքի դիմաց գումար է ստանում: Ծրագրի տևողությունը 6 ամիս է:

Խաժակ Գալստյան (Սեզոնային զբաղվածության ծրագրի շահառու) - Թե՛ կոմունալ հարցերում, թե՛ ոռոգման ջրի խնդիրները լուծելու համար, թե՛ բուժանյութերը լուծելու համար, ընթացիկ ծախսերը լուծելու համար տրամադրված գումարը նորմալ է:

Ծրագրի արժեքը տատանվում է 50-300 հազար դրամի սահմաններում՝ կախված աշխատանքի բնույթից ու ժամանակից:

Ժորա Սարգսյան - Ծրագիրը քանի որ սեզոնային է, կարելի է ասել, որ նախատեսված քանակությունն իրականացրել ենք: Նախատեսված էր 2021-ին իրականացնել 764 ծրագիր, արդեն իսկ 674-ը այդ ծրագրերից իրականացվել են:

Գևորգ Ազատյան (Սեզոնային զբաղվածության ծրագրի շահառու) - Ծրագրի մասին 3-4 տարի է՝ իմացել ենք: Մի տարի օգտվել ենք հողագործությունով: Դրանից հետո իմացա, որ անասուն են տալիս, ես էլ անասուն չունեի, տվեցին մի հատ:

Խոսքը նպաստառու ընտանիքներին անասնապահությամբ զբաղվելով եկամուտ ստեղծելու հնարավորություն ընձեռող մյուս ծրագրի մասին է:

Ժորա Սարգսյան - Նպատակ է հետապնդում, որ իրենց տրամադրենք կենդանիներ, հիմնականում՝ կով, որը հնարավորություն է տալիս և՛ իրենց ապրուստը հոգալ, և՛ ինչ-որ պահից կարողանան նպաստառու կարգավիճակից դուրս գալ:

Լեռնապար համայնքի բնակիչ Գևորգ Ազատյանը ծրագրի շահառու է, պետության աջակցությամբ հղի կով է գնել: Արդեն մի քանիսն ունի:

Գևորգ Ազատյան - Ընդհանուր էդ մի կովն ա, մի հորթն ա, մի հատ էլ սպասում ենք:

Առավոտյան 7-ին կենդանիներին գոմից հանում, արոտի է ուղարկում, մինչև մութն ընկնելը վերադառնում են: Բազմազավակ հոր խոսքով՝ ծրագիրն իրենց ապրուստի միակ միջոցն է: Երաշտի պատճառով ցանած ցորենից ոչինչ չստացան:

Գևորգ Ազատյան - Օգնել ա, փառք Աստծո, կաթն եղել ա, պանիր ա, մածուն ա երեխեքին: Որ կարենային մի ծրագրով էլ ավելի օգնեին, ավելի լավ կլիներ:

Ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը 1 մլն 200 հազար դրամ է: Շահառուն ինքն է ընտրում՝ ինչ կենդանի ձեռք բերել: Այս տարի նախատեսված է իրականացնել 474 ծրագիր, 112-ն արդեն իսկ իրականացվել են, ծրագիրը դեռ ընթացքի մեջ է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում