ԿԳՄՍ նախարարը Գեղարքունիքի սահմանամերձ Սոթք և Կութ համայնքներում շնորհավորել է առաջին դասարանցիներին

ՀՀովհաննես Վարդանյան

Սահմանամերձ Սոթքում այս տարի դպրոց ոտք դրեց 18 առաջին դասարանցի։ Սև ու սպիտակ սիրուն-սիրուն հագած, վառվռուն աչքերով փոքրերը հազիվ են նոր միջավայրին հարմարվում. շոգից ու դիմակից հոգնած, մի քիչ էլ նեղված, բայց սիրով են Այբբենարանը բացել, նկարներին ծանոթացել:

Մեկը ոստիկան, մյուսը՝ զինվորական, երրորդն էլ բժիշկ գուցե դառնա։ Բայց ինչ մասնագիտություն էլ Վարդանը, Դավիթը, Միլենան ու մյուսներն ընտրեն, կարևորը` լավ կրթություն ստանան, երկրին արժանի քաղաքացի դառնան՝ ասաց առաջին դասարանցիներին շնորհավորելու եկած ԿԳՄՍ նախարարը։ Վահրամ Դումանյանի խոսքով՝ մեր անվտանգության հիմքում պետք է ընկած լինի կրթությունը:

Վահրամ Դումանյան, ՀՀ ԿԳՄՍ նախարար - Դա մի նոր կյանքի սկիզբ է: Ես ցանկանում եմ, որ մեր բոլոր երեխաները, որոնք հաճախում են դպրոց, կհաճախեն առաջին դասարան, իրենց մոտ սեպտեմբերի 1-ով սկսվի խաղաղության դարաշրջան, իրենք երբեք այլևս, բացի սովորելուց, դասերին պատրաստվելուց, նման հոգսերից բացի այլ հոգս չունենան:

Վահրամ Դումանյանը մի քիչ աղոտ, բայց իր դպրոցական տարիներն էլ հիշեց, սիրելի, նաև դժվարությամբ յուրացրած առարկաների մասին խոսեց, ասաց՝ դպրոցում լավ է սովորել, հաճույքով է դասի հաճախել.

Վահրամ Դումանյան - Դե ինչ մեղքս թաքցնեմ՝ մաթեմատիկան է սիրելի առարկաս եղել: Իհարկե՝ կարող եք ասել՝ իսկ ո՞րն է ամենաչսիրած առարկան. չսիրել չկա, բայց հումանիտարից, օրինակ, շարադրություն գրելն ինձ համար մեծ սթրես էր, բայց միշտ գրել եմ ու բարձր ստացել եմ: 

Սովորելու ձգտումը կարևորեց նաև կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Վստահ եմ՝ այն ուսուցիչների հետ, որ ունեք, անպայման սովորելու ցանկությունը ոչ միայն կպահպանվի, այլ ամեն տարի կշատանա: 

Գեղարքունիքի մարզում այս տարի շուրջ 1900 առաջին դասարանցի է դպրոց հաճախել։ Մարզի մեկ դպրոցում ընդհանրապես առաջին դասարանցի չի եղել, երկուսում` մեկական աշակերտ է եղել։ 163 աշակերտ ունեցող Սոթքում 18 առաջին դասարանցին փոքր թիվ չէ՝ նկատեց նախարար Դումանյանը, խոսեց նաև հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունից։

Վահրամ Դումանյան - Հիմա գնում ենք ամենօրյա ռեժիմի և ամեն օր ուզում ենք հավատալ, որ վատթարացում չի լինելու: Կրթական մասով մենք ուղղակի պետք է շատ ուշադիր լինենք: Որոշակի սահմանափակում ունենք, եթե մի կրթական հիմնարկում, օրինակ, 10 տոկոսի չափով վարակ եղավ, ըստ այսօրվա մեր կարգի՝ պետք է անմիջապես անցնենք հեռավարի:

Կրթական գերատեսչության պատասխանատուն, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Սոթքին հարևան սահմանամերձ Կութի դպրոց էլ մտան։ Այս գյուղն էլ թշնամու ուղիղ նշանառության տակ է։ Այստեղ առաջին դասարան է հաճախել միայն 6-ամյա Ժիրայր Գևորգյանը, միացել 2-րդ և 3-րդ դասարանցիներին։ Գիտելիքն ամենամեծ ուժն է՝ դիմելով երեխաներին՝ նշեց Դումանյանը:

Կութում էլ ԿԳՄՍ նախարարն աշակերտներին հորդորեց լավ սովորել, մտածել ապագայի մասին ու ձգտել առավելագույնին, իսկ օրվա հերոսին` Ժիրայրին էլ, որ սուս ու փուս նստած էր` խորհուրդ տվեց տառերը շուտ յուրացնել, Այբբենարանն ավարտել ու իրեն նամակ գրել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում