Վերածնունդ 11 ամիս անց. նորածնին կոչել են 44-օրյա պատերազմում զոհված եղբոր անունով

ՄՄայա Խաչատրյան

Էդմոնը ծնվել ու ընտանիքին ապրելու ուժ է տվել: Երեխային անվանակոչել են 44-օրյա պատերազմի ընթացքում ընկերոջ կյանքը փրկելիս Խնձորեսկում զոհված եղբոր անունով:

Ակսանա Ռուբինյան (44-օրյա պատերազմի մասնակից Էդմոն Գևորգյանի մայրը) - Հասկացա, որ նորից կյանք կա, նորից որդիս վերածնվելու ա:

Էդմոնը ընտանիքի չորրորդ զավակն է: Զինվորի մայրը վստահ է՝ Էդմոնի ծնունդը մեծ խորհուրդ ունի Հայաստանի զարգացման, հայրենի հողն ամրացնելու ճանապարհին:

Ակսանա Ռուբինյան  - Տղաս ասաց՝ ապահով ձեռքերում եմ, գորիսեցու:

Մորը զոհված որդին է երազում ասել, նաև ասել՝ իր վերածնունդն էլ է լինելու ապահով, կրկին սյունեցու ձեռքերում: Երեխան ծնվել է «Շենգավիթ» բուժկենտրոնում: Վիրահատությունն իրականացրել է ծնունդով սյունեցի բժիշկը, հենց վիրահատարանում հերոսի մոր հետ պայմանավորվել, որ լույս աշխարհ եկող որդուն Ակսանան ժպիտով դիմավորի:

Շուշանիկ Բախշյան (մանկաբարձ-գինեկոլոգ) - Իմ ցանկությունը կատարվեց, ժպտացինք բոլորս, հուզվեցինք բոլորս:

Ծնվել է 3 կգ 600 գ քաշով, 51 սմ հասակով առողջ տղա՝ նշում է բժիշկը: Մասնագիտական թիմն օգնում է ընտանիքներին՝ մեծ կորստից հետո վերագտնել ապրելու կամքը:

Շուշանիկ Բախշյան - Հույս ունեմ, որ այս ընտանիքը նորից կվերածնվի, կժպտա, կհիշեն հերոս Էդմոնին, փոքրիկի մեջ կներդնեն երկուսի հանդեպ սերը:

Էդմոնը ծնվել է բնական ճանապարհով: Իսկ որդեկորույս ծնողներին աջակցելու որոշումը գործադիրն ընդունել է տարեսկզբին: 2019-ից գործող անպտղության հաղթահարման ծրագրում սահմանվել է շահառուների նոր խումբ, վերացվել են օժանդակ տեխնոլոգիաներով բուժծառայություններից օգտվելու սահմանափակումները:

Էդուարդ Համբարձումյան (պտղաբերության կենտրոնի տնօրեն) - Ծրագիրն արդեն մի քանի ամիս է՝ աշխատում է: 100-ից ավելի զույգեր արդեն դիմել են ամբողջ Հայաստանի ծավալով: Մեր կենտրոնում մոտ 60 զույգ ներգրավված է, մենք սկսել ենք հետազոտությունները:

Բուժզննումից դեղորայք, վիրահատություն, արտամարմնային բեղմնավորում ու հղիություն՝ բոլոր ծախսերն իր վրա է վերցրել պետությունը:

Էդուարդ Համբարձումյան - Վեց հղի ունենք այս պահին, իհարկե շարունակենք, որ մաքսիմալ հաջողությունների հասնենք: Սա մեծ փորձություն է, անգամ մեկ երեխան, իսկ մենք շատ ենք տալու, սա հաղթանակ է:

Էդմոնը ծնվեց պատերազմից 11 ամիս անց, և այսօր հենց ժպիտը տուն տարավ՝ Գեղարքունիքի Մադինա գյուղ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում