ԳԳոհար Սարգսյան

Արտակ Բեգլարյանն ու Նարեկ Մկրտչյանը քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Արտակ Բեգլարյանն ու Նարեկ Մկրտչյանը քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 29-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և փոխնախարար Ռուբեն Սարգսյանին:

Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի վերականգնմանն ու սոցիալական ոլորտում լայնածավալ համագործակցությանն առնչվող օրակարգային ու հեռանկարային մի շարք հարցեր:

«Ի հեճուկս տարբեր դժվարությունների և մարտահրավերների՝ մեր համագործակցությունը լայն թափով շարունակվում է: Ուզում եմ առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել ՀՀ Կառավարությանն ու Ձեր գլխավորած գերատեսչությանը հետպատերազմյան շրջանում Արցախին ցուցաբերվող մեծածավալ սոցիալական ու հարակից աջակցության համար: Տեղյակ եմ, որ իրագործել եք շուրջ 15 ծրագիր՝ նյութական և ոչ նյութական աջակցության տեսքով, որոնք օգնել են ԱՀ բնակչությանն ու կառավարությանը խուսափել խոշոր ճգնաժամից և այս ժամանակահատվածը օգտագործել տնտեսության, կառավարման համակարգի վերականգնման համար, որպեսզի կարողանանք առաջիկայում սոցիալական աջակցության ծրագրերը սահուն փոխարինել զարգացման ծրագրերով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, անդրադառնալով հետպատերազմյան շրջանում իրականացված աշխատանքներին, ընդգծել է, որ դրանք նպատակ ունեին շրջանցելու և հաղթահարելու սոցիալական հնարավոր ճգնաժամը:

«ՀՀ Կառավարությունը, սերտ գործակցելով ԱՀ կառավարության հետ և ճիշտ ընտրելով թիրախային ուղղությունները, կարողացավ ծավալուն աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ: Եվ մեզ համար շատ կարևոր է այդ նույն տրամաբանությամբ շարունակել համագործակցային աշխատանքը՝ սահմանելով նաև սկզբունքները: Այդ սկզբունքներից է, ինչպես նշեցիք ձեր խոսքում, սոցիալական աջակցության ծրագրերից անցում կատարելը զարգացման ծրագրերի»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:

Այցի նպատակներից էր նաև Արցախում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը խթանելը: Նույն օրը պետական նախարարն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկա են եղել սոցիալական ձեռնարկատիրական շաբաթի շրջանակներում անցկացվող դասընթացներին:

Արտակ Բեգլարյանը կարևորել է ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խթանումը, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության մշակույթի ներդնումն Արցախում: Որպես այդ նպատակի առաջին քայլ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Արցախի պետական համալսարանում սոցիալական ձեռնարկատիրության կենտրոն հիմնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում